ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի–Sputnik. Եվրոպայի պատանիների առաջնության շրջանակում հայ ծանրամարտիկների գրանցած աննախադեպ հաջողությունը պայմանավորված է պատրաստվածության բարձր մակարդակով և հաղթանակի կամքով, կարծում է Հայաստանի վաստակավոր մարզիչ, ծանրամարտի կանանց հավաքականի երկրորդ մարզիչ Արման Ղազարյանը, որը գլխավորել է հայկական պատվիրակությունը Շվեդիայում կայացած առաջնության ժամանակ։
Հայ ծանրամարտիկները հասել են աննախադեպ հաջողության առաջնության ժամանակ` նվաճելով 14 ոսկե, 11 արծաթե և 4 բրոնզե մեդալ։
«Ուզում եմ բոլորին շնորհավորել հաղթանակի կապակցությամբ։ Մենք ունեինք արժանի հակառակորդներ, այնպես որ հաղթեցինք մարտավարական պայքարում։ Մեր տղաները ևս շատ հաջող են ելույթ ունեցել այդ առաջնությունում։ Մարզիկներին այդ հարցում օգնել են լավ պատրաստվածությունն ու կամային որակները», – նշեց մարզիչը հինգշաբթի «Sputnik-Արմենիա» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։
Գերծանր քաշային կարգում (ավելի քան 69 կգ) Եվրոպայի նոր չեմպիոն (U15) Աիդա Մանուկյանն առաջին անգամ է մասնակցել նման մակարդակի մրցումներին։ Նա նշեց, որ հոգեբանական տեսակետից նրան մի փոքր ավելի դժվար էր, քան թիմի մնացած անդամներին։
«Ես հաղթանակի հույս չունեի, քանի որ ուժեղ մրցակից ունեի Հունգարիայից», – նշեց նա։
Եվրոպայի` պատանիների շրջանում կրկնակի փոխչեմպիոն (U17), Հայաստանի բազմակի չեմպիոն, սպորտի վարպետ Սոնա Պողոսյանը (69 կգ) հայտարարեց, որ նրան դժվար չէր նվաճել մեդալը, քանի որ նա ծանոթ էր իր մրցակիցներին և պատրաստ էր։
«Մենք բոլորս գնում էինք մրցումներին մեդալների համար։ Սկզբում սարսափելի էր, իսկ հետո ես հասկացա, որ պետք չէ վախենալ, չէ՞ որ դա սպորտ է, իսկ սպորտում ամեն ինչ հնարավոր է։ Կարծում եմ, որ հետագայում մենք ևս կհասնենք հաջողության», – ընդգծեց նա։
Իսկ գերծանր քաշային կարգում (ավելի քան 69 կգ) Եվրոպայի չեմպիոն (U17) Արփինե Դալալյանը շնորհակալություն հայտնեց թիմի մարզչին աջակցության և կարևոր խորհուրդների համար։
Եվրոպայի պատանիների առաջնությունն անցել է Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում օգոստոսի 1–8–ը։