ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի– Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նախօրեին եղել է հանրապետության հյուսիսային հատվածում տեղակայված զորամասերից մեկում, հայտնեցին ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Աշխատանքային այցի շրջանակում Սեյրան Օհանյանը շրջել է զորանոցներում, ստուգել է զինծառայողների ֆունկցիոնալ պարտականությունների իմացությունը, ծանոթացել է զինանձնակազմի ծառայության կազմակերպման առանձնահատկություններին:
«Պաշտպանության նախարարը ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում զրուցել և ճաշել է նորակոչիկ զինվորների հետ, հետաքրքրվել է զինծառայության մասին նրանց պատկերացումներով»,–ասված է հաղորդագրությունում:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ստուգել է նաև զորամասի ուսումնանյութական բազան՝ համապատասխան ցուցումներ տալով հրամանատարությանը: Զորամասի հրամանատարությանն առաջադրվել են որոշակի խնդիրներ ընթացող աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով։
Աշխատանքային այցն ավարտվել է զորամասի ճաշարանի սանիտարահիգիենիկ պայմանների և զինծառայողների սննդակարգի ստուգմամբ:
Պաշտպանության նախարարին ուղեկցել են երրորդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը և բարձրաստիճան այլ զինվորականներ։