ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի–Sputnik. Խաղաղօվկիանոսյան նավատորմում անցկացվել են հիշատակի միջոցառումներ, որոնք նվիրված են «Կուրսկ» ատոմային սուզանավի վթարի 15–րդ տարելիցին, չորեքշաբթի լրագրողներին է տեղեկացրել Արևելյան ռազմական օկրուգի մամուլի ծառայության տեղեկատվական ապահովման բաժնի պետ, կապիտան Ռոման Մարտովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Խաղաղօվկիանոսյան նավատորմում այսօր հարգանքի տուրք են մատուցել «Կուրսկ» ատոմային սուզանավում 15 տարի առաջ զոհված սուզանավորդներին։ Տեղական ժամանակով ուղիղ կեսօրին Կամչատկայի սուզանավերի միավորման նավերում անցկացվել են հիշատակի միջոցառումներ», – նշել է Մարտովը։
Նա ավելացրել է, որ Վլադիվոստոկի Ս.Օ. Մակարովի անվան խաղաղօվկիանոսյան բարձրագույն ռազմածովային ուսումնարանի տարածքում գտնվող հուշարձանի մոտ տեղի է ունեցել հիշատակի միջոցառում, որին մասնակցել են Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարության ներկայացուցիչները, կայազորի զինծառայողներն ու վետերան–սուզանավորդները։
Հուշարձանի սալիկների վրա գրված են այդ ուսումնական հաստատության շրջանավարտների անունները, որոնք զոհվել են «Կուրսկ» սուզանավում։ Հուշարձանի մոտ ծաղիկներ և ծաղկեպսակներ են դրել և մեկ րոպե լռությամբ հարգել են սուզանավի անձնակազմի հիշատակը։
Այսօր Բարենցի ծովում «Կուրսկ» սուզանավի խորտակման 15–րդ տարելիցն է։ Հյուսիսային նավատորմի ռազմածովային զորավարժությունների ընթացքում տեղի ունեցած աղետի հետևանքով զոհվել են անձնակազմի բոլոր 118 անդամները։ Այս իրադարձությունը ստիպել է Ռուսաստանի ռազմածովային նավատորմի որոնողական և վթարափրկարարական աշխատանքների ծառայությանն արդիականացնել փրկարարական սարքավորումներն ու փնտրել սուզանավորդների անվտանգության ապահովման նոր միջոցներ։
Խաղաղօվկիանոսյան նավատորմում հարգանքի տուրք են մատուցել «Կուրսկ» ատոմային սուզանավի ծովայիններին
14:12 12.08.2015 (Թարմացված է: 15:40 12.08.2015)
© Sputnik / Василий Батанов
/ Բաժանորդագրվել
Այսօր Բարենցի ծովում «Կուրսկ» սուզանավի խորտակման 15–րդ տարելիցն է