ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի–Sputnik. Իրանը մշտապես և բացահայտորեն ցույց է տվել իր բավական լավ վերաբերմունքը հայ ժողովրդի ու Հայաստանի հանդեպ, ինչն ունի տարբեր պատճառներ, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
«Իրանը միակ երկիրն է, որն օգտագործել է իր բոլոր հնարավորությունները Հայաստանին օգնելու համար», – նշել է Համբարյանը։
Ըստ քաղաքագետի` Հայաստանը մշտապես գերադասել է զգույշ լինել Իրանի հետ հարաբերություններում, երբևիցե հանդես չի եկել հակաիրանական կոչերով:
«Արևմուտքի ու Իրանի միջև ձեռքբերված համաձայնությունից հետո տարբեր երկրներ արդեն սկսել են Իրանի հետ ձեռք բերել կոնկրետ պայմանավորվածություններ», – նշել է Համբարյանը։
Պատասխանելով այն հարցերին, թե ինչ է անում Հայաստանն այս համատեքստում և արդյոք պատրաստ էր նոր իրավիճակին` քաղաքագետը նշել է, որ «Հայաստանը երբևէ ոչ մի բանի պատրաստ չի լինում»:
«Մեզանում չկա պլան «Բ»: Մենք մշտապես գործում ենք պլան «Ա»-ով ու հանկարծակիի ենք գալիս, երբ մեզ համար բավական լավ ծրագրերի հնարավորություններ են բացվում: Եվ սա առաջին դեպքը չէ. օրինակ՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների արդյունքում բավական լայն հնարավորություններ բացվեցին հայ արտադրողների առջև, որին, սակայն, Հայաստանը պատրաստ չէր և չկարողացավ լրացնել այդ բացը»,-ընդգծել է քաղաքագետը։
Նա նաև հիշեցրել է, որ նմանօրինակ իրավիճակ ստեղծվեց 2008-ի օգոստոսյան պատերազմից հետո, երբ ռուսական շուկան «փակվեց» վրացական գինիների առջև, և Հայաստանի գինի արտադրողները չկարողացան լրացնել այդ բացը։
Անդրադառնալով Իրանին՝ Համբարյանն ընդգծել է, որ Իրանը Հայաստանին մշտապես դիտարկել է որպես ռազմավարական գործընկեր Հարավային Կովկասում:
Համբարյանի խոսքով` Հայաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի համար «զսպաշապիկ» է ՝ հակաիրանական քաղաքականություն վարելու հարցում։
«Արցախի հակամարտության հարցում Իրանը բացեիբաց հայտարարում էր, որ կողմ է հիմնախնդրի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա կարգավորմանը, բայց մենք գիտենք, որ Իրանի համար Արցախն այն «զսպաշապիկն» է, որի միջոցով զսպում է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը՝ Իրանի հյուսիս-արևմուտքում բնակվող թուրք շիաներին ոտքի հանելու նպատակով», — ասել է նա:
Ինչ վերաբերում է Հայաստան-Իրան տնտեսական գործակցությանը, ապա քաղաքագետն ընդգծում է, որ Հայաստանն իր սահմանափակ հնարավորություններով չի կարող մեծ ներդրումներ անել իրանական շուկայում։
«Հայաստանը փոքր երկիր է, այն չի կարող մեծ ներդրումներով հանդես գալ իրանական շուկայում, որը բավական մեծ ապագա ունի: Պետք է նայել, թե Իրանը մեզ ինչ կարող է առաջարկել», – նշել է Համբարյանը։
Նրա խոսքով` կշարունակվեն բանակցությունները, տեղից կշարժվի Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունը։
«Հույս ունեմ, որ առաջընթաց կլինի Իրան-Հայաստան երկաթուղու ու նավթամուղի շինարարության գործընթացում։ Չնայած այստեղ Իրանը քիչ է շահագրգռված, քանի որ 90 կմ շինարարությունն իր վրա է վերցնում, իսկ մնացած 120 կիլոմետրը, որն անցնում է Հայաստանի տարածքով, շատ թանկ է մեզ համար, իսկ նավթամուղի պարագայում պետք է կառուցվի նաև փոքրիկ նավթարդյունաբերական գործարան», – նշել է քաղաքագետը։
Նրա խոսքով` Հայաստան-Իրան տնտեսական կապերը գտնվում են շատ ցածր մակարդակի վրա, առևտրի ծավալը չի գերազանցում 300-350 մլն դոլարը:
«Մինչդեռ Հայաստան-Թուրքիա առևտրի ծավալը տարեկան կազմում է 300-320 մլն դոլար և դա դիվանագիտական հարաբերությունների և պայմանագրերի բացակայության ֆոնին», – նշել է Համբարյանը։
Այս ամենով հանդերձ, քաղաքագետը հույս ունի, որ Հայաստանը, որպես ԵՏՄ միակ երկիրը, որը սահմանակցում է Իրանին, կարող է դառնալ այն բազան, որտեղից Եվրասիական երկրները ելք կունենան դեպի իրանական շուկա:
Քաղաքագետ. Հայաստանը չի կարող մեծ ներդրումներ անել իրանական շուկայում
© Sputnik / Владимир Федоренко
/ Բաժանորդագրվել
Հայաստանը փոքր երկիր է, այն չի կարող մեծ ներդրումներով հանդես գալ իրանական շուկայում, որը բավական մեծ ապագա ունի, նշել է քաղաքագետը