ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի– Sputnik. Ֆրանսիայի խորհրդարանը սեպտեմբերին կուսումնասիրի «Միստրալ» տիպի երկու ուղղաթիռակիրները Ռուսաստանին մատակարարելու պայմանագրի դադարեցման մասին Մոսկվայի հետ կնքած համաձայնագրի տեքստը, ասել է Ֆրանսիայի Ազգային ժողովի (ստորին պալատ) նախագահ Կլոդ Բարտոլոն։
«Տեքստը կուսումնասիրվի արձակուրդից վերադառնալուց հետո։ Աշխատանքը սկսելուց հետո մենք կուսումնասիրենք այդ տեքստը», – ասել է Բարտոլոն RTL ռադիոկայանի եթերում։
Խորհրդարանը կվերսկսի իր աշխատանքը սեպտեմբերի 14–ին։
Բարտոլոն հրաժարվել է պատասխանել «Միստրալի» մատակարարումից հրաժարվելու համար վճարած փոխհատուցման գումարի մասին հարցին։ «Տեքստն ուսումնասիրելիս մենք կծանոթանանք պայմաններին, կուսումնասիրենք, թե ինչ հիմունքներով է հաշվարկվել այդ գումարը, ինչպես նաև կքննարկենք այդ ուղղաթիռակիրների հետագա ճակատագրի հարցը», – նշել է նա։
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսուա Օլանդը նախորդ չորեքշաբթի որոշում են ընդունել դադարեցնել «Միստրալ» տիպի երկու ուղղաթիռակիրների կառուցման և մատակարարման պայմանագրի գործողությունը։ Ռուսական կողմի տեղեկատվությամբ` Ֆրանսիանն արդեն փոխանցել է պայմանագրով նախատեսված միջոցները, և «Միստրալների» վրա տեղադրված ռուսական սարքավորումների վերադարձից հետո կկարողանա տնօրինել ուղղաթիռակիրները։
Փարիզի կողմից Մոսկվային փոխանցված գումարի չափը չի հրապարակվել։ Միաժամանակ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան–Իվ Լե Դրիան հաստատում է, որ այն 1,2 մլրդ եվրոյից պակաս է, որը Ֆրանսիան ստացել է որպես կանխավճար։
Դրանից հետո Le Monde թերթում, հղում անելով ֆրանսիական պաշտոնական աղբյուրներին, տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ Եգիպտոսն ու Սաուդյան Արաբիան պայքարում են երկու «Միստրալները» գնելու համար։ Հնարավոր գնորդների թվում նշվում են նաև Կանադան, Հնդկաստանն ու Սինգապուրը։
Ֆրանսիայի խորհրդարանն արձակուրդից հետո կուսումնասիրի «Միստրալի» հարցով պայմանագիրը
© Sputnik / Владимир Федоренко
/ Բաժանորդագրվել
Ֆրանսիայի խորհրդարանն արձակուրդից հետո կուսումնասիրի «Միստրալների» մատակարարման պայմանագրի դադարեցման համաձայնագրի տեքստը, հայտարարել է Ֆրանսիայի խորհրդարանի նախագահ Կլոդ Բարտոլոն