Բժիշկները երբեմն չեն կարողանում պարզել այս կամ այն հիվանդության ծագման պատճառները։ Նման դեպքերում սովորաբար նշում են ժառանգականության գործոնը, երբեմն էլ` հոգեբանական խնդիրները և անցնում են բուժման գործընթացին։
Չինական ավանդական բժշկությունը հիվանդությունների պատճառները բաժանում է ներքին և արտաքին խմբերի։
Ըստ այդ բժշկության դրույթների, հիվանդություն առաջացնող ներքին պատճառը յոթ զգացումներն են` ուրախությունը, բարկությունը, վիշտը, կենտրոնացած խորհերը, թախիծը, վախը և սարսափը։ Իսկ այդ զգացումներից յուրաքանչյուրը փակ շղթայի պես առաջացնում է շաղկապված ախտանիշներ։
Օրինակ` բարկությունը կարող է առաջացնել լեղապարկի և լյարդի լարվածություն, և եթե մարդը ոչինչ չձեռնարկի, նա կարող է կորցնել ներքին խաղաղությունը։ Խաղաղության կորուստն առաջացնում է ենթաստամոքսային գեղձի, ստամոքսի խնդիրներ` առաջ բերելով վախի զգացում։ Ի դեպ, այս դեպքում պակաս կարևոր չեն նաև այն արտահայտությունները, որ մենք հաճախ արտասանում ենք` «սիրտս նրանից խառնում է» հայտնի արտահայտությունը «մարմնավորվում է» ստամոքսի և մարսողական համակարգի աշխատանքի խանգարումներում։ Վախն իր հերթին հանգեցնում է երիկամների և մակերիկամների աշխատանքի խափանումների, որի հետևանքով մարդը կորցնում է ուրախության զգացումը։ Չինացի գիտնականները կարծում են` եթե չունես ուրախություն, ապա դա բարակ աղիների խնդիրների պատճառ է, ինչն էլ թախիծ և տխրություն է առաջացնում։ Թախիծն ու տխրությունը հաստ աղիների և թոքերի աշխատանքի խափանման պատճառ է, ինչից բարկություն է սկսվում, և շղթան փակվում է։
Գրգռման և արգելակման հետևանքով զգայական ցանկացած սթրես խախտում է ներքին օրգանների աշխատանքը և դառնում այդ օրգանների ախտահարման պատճառ։
Չինական բժշկությունը հիվանդությունների զգայական պատճառները կապում է կոնկրետ օրգանի աշխատանքի հետ։
Քթի, շնչառության խնդիրները կապված են ուշադրության պակասի, ոչ պիտանի զգալու, վիրավորանքի հետ։
Եթե մարդը երկար ժամանակ ներսում պահում է վիրավորանքը, իր նկատմամբ անարդար վերաբերմունքը, ապա նա կարող է լյարդի խնդիրներ ունենալ։
Ստամոքսի հիվանդությունների պատճառ կարող են լինել վախը, անկախության սահմանափակումը, չափազանց խնամքը, առանց ցանկություն ունենալու ինչ–որ քայլեր կատարելու անհրաժեշտությունը։
Հոդերի, հատկապես ծնկահոդի խնդիրները` արտրիտը, շրջապատողների կողմից սիրո պակասի, ինքնաքննադատության դրսևորումների, վիրավորվածության, առաջիկա իրադարձությունների նկատմամբ վախի հետևանք են։
Մաշկային հիվանդությունները, օրինակ, նեյրոդերմիտը, կապված է ֆիզիկական մտերմության ցանկությունը զսպելու հետ, սեփական անձի նկատմամբ բարկությունն առաջացնում է բշտիկներ դեմքի վրա։
Գլխացավերը կապված են բարձր ինքնաքննադատության, աշխատանքում կամ ուսման մեջ ոչ լիարժեք զգացողություն ունենալու հետ։
Մեջքի, ողնաշարի հիվանդությունների պատճառ կարող են լինել էմոցիոնալ օգնության բացակայությունը, մեղքի զգացումը, ֆինանսական դժվարությունները։
Բարկությունը սեփական անձի նկատմամբ, ձանձրույթը, հիասթափությունը, անհաջողությունը, հուսահատությունը կարող են երիկամների հիվանդություններ առաջ բերել։
Անոթային հիվանդությունները` վարիկոզը, շրջապատող աշխարհի փոփոխություններին համընթաց քայլելու ընդունակության բացակայությունն է։
Բնականաբար, միշտ չէ ու ոչ բոլոր դեպքերում է հիվանդությունը կոնկրետ ինչ–որ էմոցիոնալ զգացողության ամբողջական մարմնավորում, և, նախևառաջ, պետք է դիմել համապատասխան մասնագետի և հետազոտություն անցնել։ Բայց եթե դրանից հետո էլ հիվանդությունը չի բուժվում, եթե շարունակում ես անդադար ախտանիշներ բուժել, բժիշկից բժիշկի անցնել, նշանակում է, որ ժամանակն է մտածել ներսում կուտակված էմոցիաների, արտասանած բառերի, կուտակված դրական/բացասական լիցքերի, դրանց արտահայտման և, հակառակը, զսպելու մասին։ Մարմնականի և շնչավորի կապն ակնհայտ է, և մեր առողջության այդ երկու բաղկացուցիչների ներդաշնակությունը միայն կարող է մեզ լիարժեք երջանիկ դարձնել։