ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Sputnik միջազգային տեղեկատվական գործակալության և ռադիոյի համար Ճապոնիայում Populus ընկերության անցկացրած «Sputnik.Կարծիքներ» նոր հարցման տվյալներով, հարցված ճապոնացիների մեծամասնությունը (61%) կարծում է, որ ԱՄՆ–ը պետք է ներողություն խնդրի Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծության համար։ Իսկ հարցվածների 74 տոկոսը կարծում է, որ այդ ռմբակոծությունները չի կարելի արդարացնել պատերազմով, քանի որ զոհվել են բազմաթիվ քաղաքացիներ։
«Ի՞նչ եք կարծում, պետք է, արդյո՞ք, ԱՄՆ–ն պաշտոնապես ներողություն խնդրի 1945 թվականին Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծությունների զոհերի համար, թե՞ ոչ» հարցին ճապոնացիների մեծամասնությունը պատասխանել է, որ ԱՄՆ–ը պետք է ներողություն խնդրի այդ ռմբակոծությունների համար։ Ընդամենը 11 տոկոսն է կարծում, որ ներողություն խնդրելը պարտադիր չէ։ Գրեթե 30 տոկոսը չի կարողացել պատասխանել հարցին, հատկապես բարձր է նրանց թիվը 18-24 տարեկան երիտասարդության շրջանում` այդ տարիքի հարցվածների ավելի քան 40 տոկոսը դժվարացել է պատասխանել այդ հարցին։
Հարցման երկրորդ մասում «Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծությունները պատերազմին վերջ դնելուն կոչված գործողություններ էին, հակառակ դեպքում այն կարող էր ավելի երկար տևել» պնդման հետ համաձայնել է հարցման մասնակցած ճապոնացիների միայն 10 տոկոսը։ «Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծությունները չի կարելի արդարացնել պատերազմով, քանի որ դրանք հանգեցրել են քաղաքացիական բնակչության զանգվածային զոհերի» պնդման կողմնակից է հարցվածների 74 տոկոսը։
Հարցումն անցկացրել է Populus ընկերությունը Sputnik լրատվական գործակալության համար 2015 թվականի հուլիսի 29–ից օգոստոսի 2–ը, մեթոդաբանությունը` առցանց հարցազրույց։ Ընտրությունը կազմել է 18-64 տարեկան 1004 մարդ` Ճապոնիայից։ Այն ներկայացնում է բնակչությունն ըստ սեռի, տարիքի, աշխարհագրության։ Երկրում տվյալների վստահության միջակայքը տվյալների համար +/- 3,1% է` 95 տոկոս վստահության հավանականության դեպքում։
Տեղեկանք «Sputnik.Կարծիք»–ի մասին։ Հասարակական կարծիքի ուսումնասիրության միջազգային նախագիծը մեկնարկել է 2014 թվականի հուլիսին։ Որպես գործընկեր հանդես է եկել ICM Research բրիտանական հայտնի հետազոտական ընկերությունը։ «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի «Sputnik.Կարծիքներ» նախագծի շրջանակում կանոնավոր կերպով հասարակական կարծիքի հարցումներ են անցկացվում Եվրոպայի և ԱՄՆ–ի երկրներում առավել արդիական սոցիալական և քաղաքական հարցերի վերաբերյալ։
Sputnik–ը (sputniknews.com) լրատվական գործակալություն և ռադիո է` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն մասնաճյուղերով ։ Sputnik–ն ընդգրկում է կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցցանցերում։