ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի– Sputnik. Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Համահայկական վեցերորդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ կրակը վառեց հայտնի մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը:
86–ամյա հայտնի մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը՝ վառած ջահը ձեռքին, աշխույժ քայլով անցավ մարզադաշտով` հասնելով քարե առյուծի հսկայական արձանին, որի թաթի մեջ էր գտնվում Խաղերի կրակի գավաթը։
Կրակը վառելու արարողությանը նախորդեց Համահայկական խաղերի մասնակիցների քայլերթը։ Խաղերին ներկա լինելու նպատակով Երևան են ժամանել ներկայացուցչական պատվիրակություններ Թուրքիայից, Ֆրանսիայից, Իրանից, Արգենտինայից։
Ընդ որում՝ հայկական մեծ համայնքներ ունեցող քաղաքներից Հայաստան են ժամանել ոչ միայն մարզիկներ, այլ նաև՝ հայազգի բարձրաստիճան պաշտոնյաներ։
Ինքնատիպ քայլերթով ներկայացավ Երևանի պատվիրակությունը, որ մարզադաշտ դուրս եկավ միջնադարյան կառքով։ Քայլերթի վերջում հնչեց «Էրեբունի–Երևան» օրհներգը։
Համահայկական խաղերի կրակը վառելուց հետո ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և կարևորեց սպորտն ու ֆիզիկական կուլտուրան հայ ժողովրդի կյանքում` բարձր գնահատելով Համահայկական խաղերի դերն աշխարհասփյուռ հայության համախմբման գործում։
«Մեր կարևորագույն սկզբունքը հաղթանակը չէ, այլ` մասնակցությունը։ Խաղերը կազմակերպելիս մեր հիմնական նպատակն էր առավել մեծ թվով մարզիկների մասնակցության ապահովումը», – ասաց նա։
Երկրի նախագահի ելույթին հաջորդեց տոնական համերգը` էստրադայի աստղերի և ազգային երաժշտական համույթների մասնակցությամբ։
Վեցերորդ խաղերին մասնակցում են աշխարհի 172 երկրներ ներկայացնող ավելի քան 6,7 հազար հայ մարզիկներ, որոնք իրենց ուժերը կչափեն 17 մարզաձևում (յոթ մարզաձևով շատ, քան նախորդ տարի), որոնց թվում են ֆուտբոլը, բասկետբոլը, վոլեյբոլը, ֆուտզալը, թենիսը, սեղանի թենիսը, շախմատը, բադմինտոնը, լողը, թեթև ատլետիկան։
Մրցումները կանցկացվեն ոչ միայն Երևանում, այլ նաև՝ Հայաստանի և Արցախի մի շարք այլ քաղաքներում։
Համահայկական ամառային վեցերորդ խաղերը կավարտվեն օգոստոսի 13–ին։