ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. «Միստրալի» շուրջ Ռուսաստանի և Ֆրանսիայի բանակցություններն ավարտվել են: Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով նախագահի օգնական Վլադիմիր Կոժինը, սահմանվել են փոխհատուցման գումարն ու ժամկետները:
«Բանակցություններն արդեն ավարտվել են, ամեն ինչ որոշվել է` և ժամկետները, և գումարները: Հույս ունեմ, որ ամենամոտ ժամանակում պայմանագրի լուծարման համաձայնագիր կստորագրվի, և այն ժամանակ կհայտարարվի այն գումարը, որը Ֆրանսիան մեզ կվճարի»,- ՌԻԱ Նովոստին մեջբերում է Կոժինի խոսքը:
«Միստրալի» հարցը լուծելու անհրաժեշտության մասին օրեր առաջ խոսել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Ավելի վաղ երկրի Պաշտպանության նախարար Ժան-Իվ Լը Դրիանը նշել է, որ Ֆրանսիան պատրաստ է վճարել փոխհատուցումը, բայց Ռուսաստան ուղղաթիռատար նավեր հաստատ չի մատակարարի:
Ապրիլին նախագահի հետ Ուղիղ կապի ընթացքում Վլադիմիր Պուտինը հավաստիացրել էր ռուսներին, որ «Միստրալը» երկրի պաշտպանունակության համար սկզբունքային նշանակություն չունի: «Նավերի մատակարարումից գործող պայմանագրով հրաժարվելը, անշուշտ, վատ նշան է, բայց մեզ համար պաշտպանունակության տեսանկյունից, անկեղծ ասեմ ձեզ, որևէ նշանակություն չունի»,- ընդգծել է նախագահը: Միաժամանակ, ամսվա սկզբին ՌԾՆ կոմիտեի ղեկավար ծովակալ Վիկտոր Չիրկովը, ելույթ ունենալով Պետերբուրգում Միջազգային ռազմածովային սրահի բացմանը, ասել է, որ Ռուսաստանում կկառուցվեն դեսանտային մեծ նավեր, որոնք իրենց բնութագրերով չեն զիջի «Միստրալ»-ներին:
Բացի այդ, սկսվել է մասնագետների խմբի նախապատրաստման աշխատանքը, ովքեր կմեկնեն Ֆրանսիա «Միստրալներից» կապի սարքավորումներն ապամոնտաժելու համար: Կապի համակարգն ունիվերսալ է և կարող է օգտագործվել Ռուսաստանի ՌԾՆ ուրիշ նավերի վրա:
2011 թվականի հունիսին Ռուսաստանն ու Ֆրանսիան 1.12 միլիարդ եվրոյի պայմանագիր են ստորագրել «Միստրալ» տիպի երկու ուղղաթիռատար նավերի կառուցման նպատակով: «Վլադիվոստոկ» կոչված առաջին նավը ջրի վրա է իջեցվել 2013 թվականի հոկտեմբերին: 2014 թվականի նոյեմբերին այն պետք է փոխանցվեր Ռուսաստանի ռազմածովային նավատորմին: «Սևաստոպոլ» երկրորդ ուղղաթիռատարը պետք է ՌԾՆ-ի լիազորության ներքո անցներ 2015 թվականի երկրորդ կեսին: Սակայն Ուկրաինայի ճգնաժամի պատճառով Փարիզը դադարեցրել էր նավերի փոխանցումը: