ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Իրանի պատժամիջոցների վերացումից հետո Հայաստանի հնարավոր ակնկալիքները ոչ թե իրատեսական են, այլ շատ լավատեսական, Sputnik-Արմենիա ռադիոկայանի հետ զրույցում նման մեկնաբանություն է արել Իրանի հարցերով փորձագետ, քաղաքագետ Սևակ Սարուխանյանը:
Փորձագետի պնդմամբ՝ այդ հեռանկարների մասին անգամ խոսելն է վաղ:
«Խոսքը ոչ թե Իրանի՝ արևմտյան տիպի երկրի վերածվելու հեռանկարի մասին է, այլ այն, որ Իրանն իր արտաքին տնտեսական, առևտրային և ֆինանսական գործողություններում և հարաբերություններում վերադառնում է մինչև պատժամիջոցային շրջան, այսինքն՝ մինչև 2010 թվականի ռեժիմին: Երբ իրանական տնտեսությունը բաց էր ներդրումների համար, չնայած տարբեր խոչընդոտների»,-նշել է նա:
Իրանագետը ցավով նշում է, որ Իրանը բավական բյուրոկրատացված և կոռումպացված երկիր է, հետևաբար՝ չի կարող ենթադրվել, որ մոտ ապագայում այնտեղ հաստատվելու է արևմտյան կարգի տնտեսական հարաբերությունների մշակույթ:
«Խոսքը նախաիսլամական հեղափոխության Իրանի մասին չէ, այսինքն՝ չենք կարող ենթադրել, որ վաղը չէ, մյուս օրն Իրանում կսկսեն «ծաղկել» արևմտյան արժեքները, արևմտյան կարգի տնտեսական հարաբերությունները, նման բան չկա: Մենք վերադառնում ենք հինգ տարի առաջվա շրջան: Եվ որպեսզի գնահատենք, թե ինչ հեռանկարներ են լինելու, ապա պետք է նայել, թե հինգ տարի առաջ ինչ ենք ունեցել Իրանի հետ, իսկ մեր ունեցածը շատ չի եղել», — ընդգծում է բանախոսը:
Սարուխանյանը պնդում է, որ երկու երկրների ունեցած հնարավորություններն օգտագործվել են առավելագույնս` էներգետիկ գործակցության ոլորտում, մինչդեռ առևտրատնտեսական հարաբերությունները եղել են շատ ցածր մակարդակի վրա: Իրանագետը սա պայմանավորում է երկու հանգամանքով:
«Նախ՝ Հայաստանը գնալով ավելի շատ է կապվել իր նախկին տնտեսական գործընկերների, մասնավորապես՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ, և միաժամանակ զարգացրել է հարաբերությունները Եվրոպայի հետ: Եվ երկրորդը՝ Հայաստանը չունի արտադրական տեսականի, որն արտահանման հեռանկար ունենար Իրանի ներքին շուկայում», — պարզաբանել է Իրանի հարցերով փորձագետը:
Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցում Հայաստանի լավատեսությունը քաղաքագետը պայմանավորում է քիչ տեղեկացված լինելու հանգամանքով:
«Սա ոչ միայն Հայաստանին, այլ բոլոր խաղացողներին է վերաբերում, որոնք Իրան-միջազգային միջնորդներ համաձայնագիրը դիտարկում են որպես հեղափոխական զարգացում: Իրանի և աշխարհի հարաբերություններում սա հեղափոխական զարգացում է միջուկային ծրագրի շուրջ, մինչդեռ տնտեսական առումով այսօր բոլորը թյուրըմբռնում ունեն»,-վստահեցնում է նա:
Եվրոպացի գործարարների, դիվանագետների այցերը Թեհրան և Իրանի հետ բանակցությունները, ըստ բանախոսի, ճանաչողական են. նրանք հստակեցնում են, թե ինչի է պատրաստ Իրանը:
«Իրանն արտասահմանյան ներդրողների համար չի բացելու իր տնտեսության մեծ սեգմենտները` առաջինը նավթային և գազային, որոնք իրանական օրենսդրությամբ ոչ թե պետական, այլ հանրային սեփականություն են, սակայն իրականում պետական վերահսկողության տակ են: Նաև գրեթե բոլոր խոշոր արտասահմանյան ներդրումների դեպքում Իրանը 49-51 չափաբաժնով մտնում է որպես բաժնետեր: Հետևաբար՝ այդ տեսանկյունից լուրջ «տեֆտոնական շարժ» Իրան-Արևմուտք տնտեսական հարաբերություններում, ես չէի ակնկալի», — ասել է Սևակ Սարուխանյանը:
Իրանի հարցում Հայաստանի ակնկալիքներն իրատեսական չեն. իրանագետ
© SputnikИран
© Sputnik
Բաժանորդագրվել
Իրանը բավական բյուրոկրատացված և կոռումպացված երկիր է, հետևաբար՝ չի կարող ենթադրվել, որ մոտ ապագայում այնտեղ հաստատվելու է արևմտյան կարգի տնտեսական հարաբերությունների մշակույթ