ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. «Երևանյան Հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Երևանի Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում սեպտեմբերի 3-ին ելույթ կունենա Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը` հայտնի դիրիժոր Զուբին Մեթան։
Ինչպես հայտնում են փառատոնի մամուլի ծառայությունից, Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը աշխարհի լավագույն նվագախմբերից է, որն արդեն շուրջ 80 տարի գրավում է աշխարհի առաջատար բեմերը, մշակութային օջախները և հյուրընկալվում ամենահեղինակավոր երաժշտական փառատոների կողմից։ Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավարը աշխարհահռչակ դիրիժոր Զուբին Մեթան է։ Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին Զուբին Մեթան հազարավոր համերգներով հանդես է եկել 5 աշխարհամասերի լավագույն բեմերում։ Նա ղեկավարել է և հանդիսանում է աշխարհի առաջատար նվագախմբերի «պատվավոր դիրիժորը», ինչպիսիք են Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախումբը և այլն։
Զուբին Մեթան արժանացել է անթիվ տիտղոսների և մրցանակների․ Երուսաղեմի եբրայական համալսարանի և Վեիզման ինստիտուտի պատվավոր դոկտոր է, Ֆլորենցիայի և Թել Ավիվի պատվավոր քաղաքացի և այլն։ 2011թ․-ին Զուբին Մեթան իր անվամբ աստղ է ստացել Հոլիվուդի հայտնի «Փառքի բուլվար»- ում։
«Երևանյան Հեռանկարներ» —ը դասվում է Եվրոպայի լավագույն փառատոների տասնյակում՝ ծրագրում ներկայացնելով աշխարհի առաջատար նվագախմբեր և մենակատարներ, որոնց թվում Վիեննայի Ֆիլհարմոնիկ և Թագավորական Կոնցերգեբաու, Մարիինյան սիմֆոնիկ և Բեռլինի պետական նվագախմբերը, Վալերի Գերգիևին, Դանիել Բարենբոյմին, Պինկաս Ցուկերմանին, Եվգենի Կիսինին, Մաքսիմ Վենգերովին, այլ ականավոր երաժիշտների շարքում:
Փառատոնն իրականացնում է մշակութային քաղաքականությանը և կրթությանը վերաբերող լայնածավալ ծրագիր, որի շրջանակներում սույն թվականի ապրիլին բացվեց Փառատոնի ակադեմիան Բյուրականում: Զուգահեռաբար ընթանում է «Քեզ հետ, Հայաստան» համերգաշարը, որի շրջանակներում «Երևանյան հեռանկարների» բարեկամ աշխարհահռչակ երաժիշտները համերգներով հանդես են գալիս ամենահեղինակավոր համերգասրահներում՝ հարգանքի տուրք մատուցելով և հրավիրելով միլիոնավոր մարդկանց ուշադրությունը` Հայոց Ցեղասպանության վերջնական ճանաչման հարցին:
Փառատոնն անց է կացվում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, իսկ Իսրայելի Ֆիլհարմոնիկ նվագախմբի և Զուբին Մեթայի հիրավի պատմական այցը իրականացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի աջակցությամբ:
Երևանում ելույթ կունենա Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը` Զուբին Մեթայի ղեկավարությամբ
18:09 29.07.2015 (Թարմացված է: 18:17 29.07.2015)
© ClassicaliteЗубин Мета
Բաժանորդագրվել
Համերգը տեղի կունենա «Երևանյան Հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում, այն կղեկավարի հայտնի դիրիժոր Զուբին Մեթան։