ԵՐԵՎԱՆ, հուլիսի 29– Sputnik. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հերքել է տեղեկությունն այն մասին, թե Ադրբեջանի զինուժն հայկական անօդաչու թռչող սարք է կործանել, հաղորդում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված տեղեկությունն առ այն, թե իբր իրենց զինուժի կողմից խփվել է հայկական անօդաչու թռչող սարք, իրականությանը չի համապատասխանում»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն ընդհանուր առմամբ շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: —0-
Ղարաբաղի ՊՆ. Ադրբեջանը հայկական անօդաչու սարք չի կործանել
Բաժանորդագրվել
Ղարաբաղը հայտարարել է, որ Ադրբեջանի ՊՆ–ի` հայկական անօդաչու թռչող սարք կործանելու մասին հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը