ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի– Sputnik. Աշխարհի 2018 թ.–ի առաջնության ընտրական փուլին մասնակցելուց առաջ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը լուրջ փոփոխության կարիք ունի, կարծում է մարզական հայտնի մեկնաբան Մենուա Մեհրաբյանը։
Շաբաթ օրը Սանկտ Պետերբուրգում կայացած ֆուտբոլի աշխարհի 2018թ.–ի առաջնության որակավորման փուլի վիճակահանության արդյունքում Հայաստանի հավաքականը Ռումինիայի, Դանիայի, Լեհաստանի, Չեռնոգորիայի, Ղազախստանի հավաքականների հետ հայտնվել է Е խմբում։
«Մրցակիցները մրցակիցներ, բայց մեր ուշադրության կենտրոնում մեր հավաքականն է: Անհրաժեշտ են խոշոր փոփոխություններ՝ խաղային տեսանկյունից: Հավաքականի կազմը պարտադիր պետք է համալրեն այն ֆուտբոլիստները, ովքեր «համառորեն» չեն հրավիրվում, սակայն անհրաժեշտ են մեր թիմին` Արտակ Դաշյան, Արթուր Եդիգարյան, Մաուրո Գևգեոզյան, Դենիս Թումասյան, Դավիդ Յուրչենկո… շարքը կարելի է շարունակել, բայց այսքանով կավարտեմ, քանի որ, ինքներդ շատ լավ գիտեք, թե ովքեր են մեզ անհրաժեշտ», –Facebook սոցցանցի իր էջում գրել է Մեհրաբյանը։
Նրա խոսքով` անհրաժեշտ է մարզչական լուրջ մոտեցում, լուրջ աշխատանք, կազմի պարտադիր համալրում, հոգեբանական ճիշտ և կատարյալ լրջագույն աշխատանք, նոր մտահղացումներ, նոր մոտեցումներ և, չնայած մեր խնբի «ամրությանը», կարող ենք հույս ունենալ, որ Հայաստանը ներկայացված կլինի Ռուսաստանում:
«Իսկ եթե խաղալու ենք այնպես, ինչպես հիմա, եթե չենք ունենալու նոր ֆուտբոլիստներ, մարզչական նոր շունչ, ապա արդեն այժմ կարող ենք մոռանալ մեր դաշնակից երկրում մեր ներկայության մասին», – նշել է Մեհրաբյանը։
Նա նաև կարծում է, որ պետք չէ գնահատել թիմերի հնարավորությունները նրանց ներկայիս խաղով, քանի որ ընտրական փուլում հնարավոր է ստեղծվի ամբողջովին այլ իրավիճակ։
«Վաղուց էի նշել, որ կցանկանայի մեր խմբում տեսնել Ռումինիայի և Դանիայի հավաքականներին: Ռումինիան առաջին զամբյուղից մեզ համար ամենաընդունելի տարբերակն էր: Ընդունելի է, բայց ոչ՝ ամենաթույլ, քանի որ չի կարող թույլ հավաքականը տեղ ունենալ առաջին զամբյուղում», – կարծում է մարզական մեկնաբանը։
«Սակայն համաձայնեք, որ Ռումինիան ավելի «անցողիկ» հավաքական է, քան Իտալիան, Անգլիան, Գերմանիան… Ռումինիայի ներկայիս հավաքականում ընդգրկված են ընդամենը երկու «լեգեոներներ»: Դժվար է ասել, թե ԱԱ ընտրական փուլում ինչ պատկեր կլինի ռումինացիների կազմում, բայց ներկայումս այդպես է», – ավելացրել է Մեհրաբյանը։
Նրա խոսքով` չկան աստղային անուններ, որոնք Ռումինիան մշտապես ունեցել է: Իլիեի, Հաջիի «իրավահաջորդները» ոչ այնքան ուժեղ, որքան բավական ամուր թիմ են, որոնց նկատմամբ հեշտ հաղթանակը դրված չէ և ոչ մի հավաքականի «գրպանում», – կարծում է փորձագետը։
Ինչ վերաբերում է Դանիայի ընտրանուն, ապա նրա խոսքով, այս կազմում ընդգրկված ֆուտբոլիստներին հայ մարզասերները շատ լավ ճանաչում են և առանձնապես ներկայացնելու հարկ չկա: «Եվս մեկ անգամ Դանիայի հավաքականի խաղը տեսնելու առիթը շուտով կունենանք՝ Երևանում», – նշել է Մեհրաբյանը։
Հայաստանի և Դանիայի հավաքականներն երրորդ անգամ անընդմեջ հայտնվում են նույն ընտրական խմբում` 2014 և 2018 թթ.–ի աշխարհի առաջնությունների ընտրական փուլեր և Եվրոպայի 2016 թ.–ի առաջնություն։ 2013 թ.–ի հունիսի 11–ին հայկական հավաքականն արտագնա խաղում 4։0 հաշվով ջախջախիչ պարտության է մատնել Դանիայի հավաքականին։
Մեհրաբյանի կարծիքով` Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստների ընտրության տեսանկյունից Լեհաստանն իսկապես E խմբի տեսանելի առաջատարն է։ Այլ հարց է, թե ինչպիսի՞ վիճակում լեհերը կմոտենան ԱԱ-ի ընտրական փուլին։
Սակայն համաձայնեք, որ կազմում ունենալով Արթուր Բորուց, Վոյցեխ Շչեսնի, Կամիլ Գլիկ, Արկադիուշ Միլիկ, Յակուբ Բլաշիկովսկի, Լուկաշ Պիշչեկ, Գժեգոշ Կրիխովյակ Ռոբերտ Լևանդովսկի, Լեհաստանը թույլ լինել չի կարող:
Խոսելով Մոնտենեգրոյի հավաքականի մասին` փորձագետը նշել է, որ Բալկանյան թերակզու հավաքականները միշտ էլ աչքի են ընկել անկոտրում կամքով, պայքարելու կարողությամբ, կազմերի ընտրությամբ, բարձրակարգ ֆուտբոլիստներով և կամային փայլուն որակներով:
«Բացառություն չէ նաև Չեռնոգորիայի հավաքականը, որին, անձամբ ես, համարում եմ մեր խմբի թաքնված ֆավորիտը: Շատերի կարծիքով՝ Չեռնոգորիան մեր խմբում լուրջ խնդիրներ լուծել չի կարող: Բայց հավատացնում եմ, որ ամենամեծ անակնկալը սպասեք հենց այս հավաքականից»,– նշել է Մեհրաբյանը։
Նրա խոսքով` Վլադիմիր Բոժովիչ, Մարկո Բաշա, Ստեֆան Սավիչ, Սաշա Բալիչ, Սիմոն Վուկչևիչ, Դեյան Դամյանովիչ, Ստևան Յովետիչ, Միրկո Վուչինիչ… ֆուտբոլիստներ են, ովքեր կարող են շատ լուրջ «եղանակ ստեղծել»: «Պետք չէ կենտրոնանալ այս հավաքականի վերջին ելույթների վրա, քանի որ Չեռնոգորիան այն ընտրանին է, որն ունի հսկայական ներուժ։ Համոզված եմ` կերպարանափոխված է ներկայանալու ԱԱ ընտրական փուլին և խառնելու է E խմբի բոլոր խաղաքարտերը», – կարծում է մարզական մեկնաբանը։
Մեհրաբյանի կարծիքով` Ղազախստանի հավաքականին հայ երկրպագուները լավ են ճանաչում, իսկ ղազախական ֆուտբոլը՝ առավելևս: «Ընդամենը օրեր առաջ Երևանում տեսանք Ալմաթիի «Կայրաթին», որի կազմում էլ հենց հանդես է գալիս Ղազախստանի ընտրանու առաջատար Բաուրժան Իսլամխանը: Ղազախները նույնպես կարող են լրջորեն փչացնել մեր խմբում ընդգրկված բոլոր հավաքականների տրամադրությունը: Հետաքրքիր կլինի ևս մեկ անգամ հետևել հայ-ղազախական ֆուտբոլային դիմակայությանը», – ավելացրել է նա։
Հուլիսի 23–ին Մարտունու «Ալաշկերտ» ակումբը Եվրոպայի լիգայի երկրորդ ընտրական փուլում սեփական հարկի տակ 2։1 հաշվով պարտության է մատնել Ալմաթիի «Կայրաթին, սակայն զիջեց Ղազախստանի ակումբին երկու հանդիպումների միավորների գումարով (2:4)։
Փորձագետ. աշխարհի առաջնության ընտրական փուլին մասնակցելուց առաջ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կազմը պետք է փոփոխության ընթարկվի
11:25 27.07.2015 (Թարմացված է: 14:18 27.07.2015)
© Личная страничка FBМенуа Меграбян
Բաժանորդագրվել
Աշխարհի 2018թ.–ի առաջնության որակավորման փուլի վիճակահանության արդյունքում Հայաստանը Ռումինիայի, Դանիայի, Լեհաստանի, Չեռնոգորիայի, Ղազախստանի հավաքականների հետ հայտնվել է Е խմբում