ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի– Sputnik. Իրանը պետք է Միացյալ Նահանգներին, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է քաղաքագետ, «Ամերիկյան ուսումնասիրություններ» գիտավերլուծական պորտալի ղեկավար Արեգ Գալստյանը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ում Իրանի խնդրի շուրջ գոյություն ունի քաղաքական խաղ, որտեղ Սպիտակ տունը խաղում է լավ ոստիկանի դերը, իսկ Կոնգրեսը պետք է ստանձնի հակառակորդի դերը:
Նրա խոսքով, Իրանի հետ կնքված համաձայնությունը մեծ քննարկում է առաջացրել ԱՄՆ-ում ՝ ինչպես հանրապետականների, այնպես էլ դեմոկրատների շրջանում: Այդ համատեքստում բանախոսը նշել է, որ Կոնգրեսի հակազդեցությունը պայմանավորված է նաև Իսրայելի և Սաուդյան Արաբիայի ազդեցությամբ:
«Հանրապետականները հենց այնպես չեն կարող Իրանի հարցով համաձայնել Սպիտակ տան որոշմանը, նրանք ասելու են, որ դրույթներ կան, որոնք դեմ են Ամերիկային: Իսրայելամետ ու սաուդամետ ընկերությունները մեծ գումարներ են տալիս շատ հանրապետականների ընտրարշավի ժամանակ: Եվ եթե նույնիսկ նրանք՝ որպես ամերիկացի օրենսդիրներ, համաձայն են պայմանագրին, ապա դեմ են՝ որպես լոբբիստներ»,-մեկնաբանել է Գալստյանը:
Ինչպես նշել է քաղաքագետը, Սաուդյան Արաբիան և Իսրայելն ընտրության հնարավորություն չունեն. ԱՄՆ-ին պետք է Իրանը, իսկ դա նշանակում է, որ այդ համաձայնությունը գործելու է, իսկ երկխոսությունը՝ ընդլայնվելու:
«Ամերիկացիները վստահեցնում են Իսրայելին ու Սաուդյան Արաբիային՝ անվտանգության հարցում, հավանաբար ռազմական նոր գործարքներ կկնքվեն, ինչ-որ առավելություններ կտրվեն: Սպիտակ տունը շատ լավ հասկանում էր, որ ստիպված է լինելու զիջումների գնալ Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի համար»,-ասել է նա:
Ամերիկացի շատ կոնգրեսականներ արդեն հայտարարել են, որ սատարելու են Պիտեր Ռոսկամի բանաձևին, որը դեմ է արտահայտվում Իրանի հետ ձեռքբերված համաձայնությանը:
Միաժամանակ, քաղաքագետը չի կարծում, որ հանրապետականները կցանկանան պարտավորություն ստանձնել՝ ԱՄՆ-ի ու Իրանի միջև գործարքը տապալելու հարցում:
«Քանի որ հնարավոր հետևանքները կարող են շատ վատը լինել նրանց կուսակցության համար: Հանրապետականները չեն ցանկանա առաջիկա ընտրությունների քարոզարշավին ներկայանալ բացասական ֆոնով: Եվ երկրորդը՝ նրանք ավելի շատ դեմ են ոչ թե Իրանի հետ համաձայնությանը, որքան այդ ռեժիմի հետ բանակցությանը: Վստահ եմ, որ հանրապետականների մեծ մասը, ովքեր կողմ են Ռոսկամի բանաձևին, նույնիսկ չեն կարդացել այն»,- նկատել է նա:
Ըստ քաղաքագետի` քիչ հավանական է այն սցենարը, որ Օբաման Կոնգրեսի միջոցով կփորձի ձախողել համաձայնագրի ընդունումը: Բայց միաժամանակ նախագահի վարչակազմը, պետքարտուղարությունը մեծ ջանքեր, դիվանագիտական ռեսուրսներ են ծախսել՝ այդ համաձայնությունը ձեռք բերելու համար: «Օբյեկտիվորեն Իրանը պետք է Նահանգներին: Չեմ կարծում, որ սա Օբամայի խաղն է եղել»,- նշել է Գալստյանը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի դերակատարությանը, ապա քաղաքագետն ընդգծում է, որ Ռուսաստանի դիրքերը երբեք ուժեղ չեն եղել Իրանում և Մերձավոր Արևելքում: Նրա կարծիքով, այդ համաձայնագիրը ձեռք կբերվեր նաև առանց Ռուսաստանի: Բայց այստեղ, հավանաբար գործել է «եթե չես կարող խանգարել, ապա սատարիր» սկզբունքը», և Ռուսաստանի օգնությունն ընդունել են ինչպես Թեհրանում, այնպես էլ Վաշինգտոնում։
Բացի այդ, ըստ բանախոսի, Ռուսաստանը կարող է մասնակցել եւ մեծ տեղ զբաղեցնել իրանական միջուկային էներգիայի զարգացմանը, ատոմակայանների շինարարությանը կամ զենքի վաճառքի ծրագրերում:
Քաղաքագետ. Իրանը պետք է Միացյալ Նահանգներին
13:44 21.07.2015 (Թարմացված է: 15:46 21.07.2015)
© SputnikИран
© Sputnik
Բաժանորդագրվել
ԱՄՆ-ին պետք է Իրանը, իսկ դա նշանակում է, որ այդ համաձայնությունը գործելու է, իսկ երկխոսությունը՝ ընդլայնվելու