ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Թուրքիայում նոր ընտրություններ անցկացնելու և կոալիցիոն կառավարություն ձևավորելու հավանականությունը 50-50 է, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ԵՊՀ արևելագիտության ամբիոնի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` մեկնաբանելով «Ազգայնական շարժում» կուսակցության` պաշտոնապես կոալիցիոն կառավարություն ձևավորելու առաջարկի մերժումը։
Նշենք, որ «Ժողովուրդների դեմոկրատական կոնգրես» քրդամետ կուսակցությունը ևս մերժել է այդ առաջարկը, իսկ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը որոշակի նախապայմաններ է ներկայացրել, բայց առավել հակված է մերժելուն:
Թուրքագետը նշել է, որ քրդամետ կուսակցությունը նախընտրական ամբողջ քարոզչությունն իրականացնում էր «հակաէրդողանական լիցքերով»:
«Մի ուժ, որն առաջին անգամ է ներկայացված խորհրդարանում, չի գնա կոալիցիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ: Դա կլինի քաղաքական ինքնասպանության նման մի քայլ: «Արդարություն և զարգացումը», ըստ էության, համարվում է քրդական կուսակցության գաղափարախոսությանն անհարիր քաղաքական ուժ, ինչ-որ տեղ իսլամական ֆաշիզմի կրող, մինչդեռ քրդական կուսակցությունն իր պայքարը հռչակել է հենց դրա դեմ»,-պարզաբանել է Մելքոնյանը:
Թուրքագետը միաժամանակ բավականին խնդրահարույց է համարում նոր ընտրությունների անցկացումը` պարզաբանելով, որ այդ դեպքում Էրդողանի կուսակցությունը փաստացի ընդունում է իր պարտությունը։
Նրա խոսքով` այդ հանգամանքից օգտվելով` մյուս ուժերը կսկսեն ավելի ագրեսիվ քարոզչություն անցկացնել, ինչի արդյունքում, գուցե, քվեների ավելացում գրանցեն։
«Քրդամետ կուսակցությունը, օրինակ, վերջին շաբաթներին բավական ավելացրել է իր ընտրազանգվածը: Հայերի օրինակով կարող ենք ասել, որ, օրինակ, Գարո Փայլանը խորհրդարանում արդեն բարձրացրել է մի քանի հրատապ հարցեր»,-նշել է նա:
Նոր ընտրությունների դեպքում իշխող կուսակցության քարոզչությունը, ըստ թուրքագետի, հիմնվելու է հենց այս անհաջողության վրա, այսինքն՝ քարոզչության մեջ գերիշխելու է հետևյալ թեզը. «Հարգելի ժողովուրդ, ձեզ ասում էինք, որ կոալիցիոն կառավարությունը վտանգավոր է, այ տեսեք, անցած ընտրություններին չքվեարկեցիք բավարար չափով, և հիմա ունենք ճգնաժամ: Այս ընտրություններին դուք ունեք հնարավորություն՝ սրբագրելու ձեր սխալը»:
«Էրդողանը, համակերպվելով իրողություններին, հայտարարում է, որ Թուրքիան կարիք ունի կոալիցիոն կառավարության, մինչդեռ ամբողջ քարոզարշավն ընթանում էր այն կարգախոսով, որ պետք չէ Թուրքիային տանել դեպի ցնցումներ, դեպի կոալիցիոն կառավարություն: Իսկ թե ինչու չեն կարողանում կազմել կոալիցիա՝ շատ պարզ է. բոլոր չորս ուժերն էլ տարբեր գաղափարախոսության կրողներ են, երբեմն՝ տարբեր բևեռներում»,- նկատել է նա:
Միաժամանակ, ինչպես նշում է Մելքոնյանը, չնայած գաղափարային տարբերությանը, Թուրքիայում բոլոր քաղաքական ուժերն էլ ունեն մեկ ուղղություն՝ արևմտյան:
«Դա կարող է լինել ամերիկյան կամ եվրոպական, բայց ոչ երբեք ռուսական: 1945-ից սկսած ռուսամետությունը համարվում է դավաճանություն, Թուրքիայի տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնություններ»,- ասել է թուրքագետը:
Թե որ քաղաքական ուժը կհաղթի Թուրքիայում, թերևս, միայն ԱՄՆ-ի համար է միևնույն: Մելքոնյանը վկայակոչում է ամերիկացի դիվանագետներից մեկին, ով ասել էր՝ «որ ուժն էլ հաղթի Թուրքիայում՝ նրանք բոլորն էլ մեր տղաներն են»: