ԵՐԵՎԱՆ, հուլիսի 10– Sputnik. Վրաստանի ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է, սակայն չէի ասի, թե այսօրվա դրությամբ երկրի ներսում առողջ և կառուցողական մթնոլորտ է, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:
Վրացագետը նաև հավելեց, որ Թբիլիսիի ողբերգական ջրհեղեղի ֆոնին ներքաղաքական շատ հարցեր մղվեցին ետին պլան, սակայն ներկայում քաղաքական կյանքը կրկին ակտիվացել է:
Նա նկատեց, որ Ռուսաստանի հետ մերձենալու տրամադրվածություն Վրաստանում նկատելի է 2012 թվականից` տարբեր ակտիվությամբ։
«Երբ Ռուսաստանը պայմանագրեր ստորագրեց Հարավային Օսիայի և Աբխազիայի հետ, այդ ամիսներն ամենաճգնաժամայինն էին վրաց-ռուսական հարաբերություններում, բայց 2012 թվականին սկիզբ դրված այդ ձևաչափը շարունակվում է, և վրացական իշխանությունները պարբերաբար պրագմատիկ հայտարարություններ են անում, որ ցանկանանք, թե ոչ, ստիպված ենք, թե պարտադրված, պետք է հարաբերություններ ունենանք»,-նշել է նա:
«Վրաստանում հիմնել են ռուս-վրացական կենտրոն, որի շրջանակում հավաքվել են ռուս և վրացի փորձագետներ և կիսափակ ձևաչափով քննարկումներ են անցկացրել: Արդյունքում՝ մշակվել է մի փաստաթուղթ, որը հուլիսի 15-ին պետք է դրվի երկու երկրների ներկայացուցիչների սեղանին՝ որպես առաջարկություն փորձագիտական համայնքից: Փաստաթղթի առաջնային կետերից մեկն այն է, որ Ռուսաստանը պետք է վերանայի վիզային ռեժիմը և դյուրացնի այն»,- նշեց Մելիքյանը։
Խոսելով Վրաստանի՝ Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումների մասին` Ջոնի Մելիքյանն ընդգծում է, որ Վրաստանի կառավարության և հասարակության խնդիրն այն է, որ նրանց սպասելիքները շատ են, և նրանք ուզում են ամեն ինչ շատ արագ լինի:
«Նրանք ամեն ինչ ուզում են հենց հիմա. ուզում են, որ հենց հիմա վերացվի վիզային ռեժիմը, տնտեսական զարգացումը լինի հենց այս պահին: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ապա Հյուսիսատլանտյան դաշինքում հասկանում են, որ Թբիլիսին փորձում է շանտաժի գնալ»,- կարծում է վրացագետը: