ԵՐԵՎԱՆ, հուլիսի 7–Sputnik. «Վարդավառ» միջազգային փառատոնը, որը նվիրված է համանուն ազգային տոնին, կիրակի կանցկացվի Գառնիի հեթանոսական տաճարի և Գեղարդ վանական համալիրի մոտակայքում, նշվում է Sputnik ստացված հաղորդագրության մեջ։
Հուլիսի 12–ին Հայաստանում նշվելու է Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար և ամենասիրված տոներից մեկը` Վարդավառը (Տիրոջ պայծառակերպություն)։
Միջազգային փառատոնը, որի կազմակերպիչն է Երիտասարդական ակումբների միությունը, կմեկնարկի Գեղարդ վանական համալիրի մոտակայքում` Տիրոջ պայծառակերպությանը նվիրված սուրբ պատարագով։
Այնտեղ կանցկացվի նաև երիտասարդների օրհնության կարգ, որը կուղեկցվի ազգային երգերով և պարերով` «Վան» ազգագրական երգի–պարի համույթի և «Վահագն» երաժշտական անսամբլի կատարմամբ։
Տոնը կշարունակվի Գառնիի հեթանոսական տաճարին հարակից տարածքում, որտեղ կբացվեն տաղավարներ։ Այնտեղ կներկայացվեն Հայաստանի տարբեր մարզերում ընդունված Վարդավառի տոնակատարության ավանդույթներն ու սովորույթները։ Հյուրերը հնարավորություն կունենան համտեսել ազգային ճաշատեսակներ, ծանոթանալ հայ վարպետների ձեռագործ աշխատանքներին, ինչպես նաև մասնակցել ավանդական ազգային խաղերի։
Տարբեր կրթական և մշակութային կենտրոնների ներկայացուցիչներ կներկայացնեն ազգագրական, ժողովրդական երգեր և պարեր։
«Վարդավառ» փառատոնը կավարտվի տոնական թատերականացված ներկայացմամբ` «Վան» համույթի և «Վերադարձ» ազգագրական համույթի մասնակցությամբ։
Եկեղեցական տոնացույցի համաձայն՝ «Վարդավառ» տոնը նշվում է Զատկից 98 օր հետո, այն Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակն է, որն, ըստ ավանդության, տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա:
«Վարդավառ» բառն ունի տարբեր նշանակություններ: Մի տարբերակի համաձայն՝ «Վարդավառ» (կամ «Վարդամատն») տոնի անվանումն իր արմատներով ելնում է «վարդ» բառից և նշանակում է «վարդեր շաղ տալ»:
Նախաքրիստոնեական Հայաստանում «Վարդավառը» կապում էին սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկի և Վահագն աստծո, ինչպես նաև նրանց միջև ծագած սիրո հետ: Նվիրելով վարդեր և շաղ տալով վարդաջուր՝ Աստղիկը սեր էր սերմանում ողջ Հայոց երկրում, իսկ Վահագն աստվածը, մշտապես պայքարելով Չարիքի դեմ, պաշտպանում էր այդ սերը:
Գառնիում և Գեղարդում հուլիսի 12–ին կանցկացվի «Վարդավառ» միջազգային փառատոնը
© Photo : ARKA news agencyязыческий храм Гарни в Армении
© Photo : ARKA news agency
Բաժանորդագրվել
Միջազգային փառատոնը, որի կազմակերպիչն է Երիտասարդական ակումբների միությունը, կմեկնարկի Գեղարդ վանական համալիրի մոտակայքում` Տիրոջ պայծառակերպությանը նվիրված սուրբ պատարագով։