ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի–Sputnik. Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան ընդամենը «քաղաքական պրոյեկտ» էր, որն ուներ տարբեր շահագրգիռ կողմեր, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ասել է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը։
«Քաղաքացիական շարժումներ չկան, դրանք բոլորը քաղաքական են: Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան քաղաքական մշակված նախագիծ էր, որտեղ բոլոր շահագրգիռ կողմերը լուծեցին սեփական խնդիրները», – նշել է Բադալյանը։
Նրա պնդմամբ՝ այդ շարժումն ընդամենը «քաղաքական պրոյեկտ» էր, որն ուներ տարբեր շահագրգիռ կողմեր, և կողմերից յուրաքանչյուրն առաջին շաբաթվա ընթացքում դրեց և լուծեց իր խնդիրները:
«Սա նախապես պլանավորված «քաղաքական պրոյեկտ» էր, որտեղ տարբեր շահագրգիռ կողմերը՝ և Արևմուտքը, և Հայաստանի իշխանությունները, և Ռուսաստանն ունեին իրենց խնդիրներն ու դրանք լուծեցին», – նշել է Բադալյանը։
Նրա խոսքով` կողմերը ոչ թե միաժամանակ սկսեցին, այլ ուղղակի «մեկը սկսում էր, մյուսը՝ շարունակում, երրորդը՝ փորձում չեզոքացնել»:
«Սա առաջին շաբաթվա ընթացքում էր: Այնուհետև, այս վերջին մի քանի օրերին այն, ինչ տեղի էր ունենում Բաղրամյանում՝ մանկապատանեկան ճամբար էր և ոչ մի կապ չուներ «քաղաքական պրոյեկտ»-ի հետ, պարզապես անիմաստ գործընթաց էր», – նշել է Բադալյանը «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում։
Հունիսի կեսին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում ընդունեց 16 տոկոսով բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը, ընդ որում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր հայտում մտադիր էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։ Այս ամենը հանգեցրեց բողոքի ակցիայի, որը սկսվեց Երևանում հունիսի 19–ին և հունիսի 22–ին վերածվեց քայլերթի դեպի նախագահի նստավայր` Մարշալ Բաղրամյան պողոտա։
Հունիսի 23–ի գիշերը ոստիկանները հատուկ տեխնիկայի կիրառմամբ ցրեցին ցուցարարներին։ Ոստիկանական բաժանմունքներ տեղափոխվեց գրեթե 240 մարդ, այդ թվում` լրագրողներ։ 25 մարդ դիմեց բուժօգնության։
Օրերս հայկական իշխանություններն առաջարկեցին իրականացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աուդիտ, իսկ այդ ժամանակահատվածում իշխանությունները կսուբսիդավորեն բարձրացված սակագները։ Դրանից հետո ցուցարարների շարքերը պառակտվեցին, նրանց մի մասը հայտարարեց, որ պատրաստ է դադարեցնել ակցիաները։ Իսկ ցուցարարների մյուս մասը մնաց Բաղրամյան պողոտայում` մեղադրելով առաջին խմբին դավաճանության մեջ։