ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի–Sputnik. Երևանի էլեկտրաէներգիայի դեմ շարժման բնույթը թեև սոցիալական էր, այնուհանդերձ, էությունը քաղաքական էր, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նկատել է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Վիգեն Հակոբյանը։
«Չնայած գլխավոր կարգախոսը «Ոչ թալանին» է, որը բավական ընդգրկուն կարգախոս է, բոլորս հասկանում ենք, որ այդ կարգախոսն ավելի լայն իմաստ ունի, քան զուտ հոսանքի սակագինը: Շարժումը քաղաքացիական էր, այնուամենայնիվ, հասարակության ամենալայն զանգվածները պայքարի էին դուրս եկել Հայաստանում տիրող բարքերի, օլիգարխիկ համակարգի դեմ: Ամեն դեպքում, սոցիալական պայքարը պարունակում է քաղաքական տարրեր»,-մեկնաբանել է նա:
Ըստ Վիգեն Հակոբյանի՝ անկախ այն հանգամանքից, թե օրվա որ ժամին քանի մարդ էր հավաքված Բաղրամյանում, ցուցարարների կողքին եղել է գրեթե ամբողջ ժողովուրդը: «Նույնիսկ այն ոստիկանները, ովքեր կանգնած էին ցուցարարների դիմաց, հիմնականում հոգով ու սրտով նրանց հետ էին»,-ասել է նա:
Նշելով, որ եթե քաղաքացիական նախաձեռնության պահանջները չեն կատարվում, ապա շարժումն ինչ-որ փուլում անխուսափելիորեն վերածվում է քաղաքականի, նա նկատեց, որ եթե իշխանությունները չգնան արմատական փոփոխությունների, չփորձեն հեղափոխություն անել վերևից, չպայքարեն կոռուպցիայի դեմ և երկրում տարրական արդարություն չհաստատեն, ապա ամեն ամիս նոր նմանատիպ խնդիրներ են ունենալու:
Այժմ, Հակոբյանի պնդմամբ, Հայաստանում քաղաքական դաշտն այնքան վարկաբեկված և հեղինակազրկված է, որ մարդիկ այսօր որևէ քաղաքական ուժի ետևից չեն գնա: Ցանկացած ուժ, որն իրեն չի ասոցացնում քաղաքականի հետ, շատ ավելի մեծ հնարավորություններ ունի ժողովրդի համակրանքը վայելու, քան եղած քաղաքական ուժերը:
«Այս քաղաքացիական անհնազանդությունը, այս շարժումն ավելի հեղինակազրկեց քաղաքական դաշտը, և պատահական չէ, որ քաղաքական ուժերն առաջին անգամ բավական պրագմատիկ որոշում ընդունեցին՝ չխառնվել այդ ամենի մեջ»,- նշեց նա:
Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ Հայաստանի իշխանությունները փորձում են զերծ մնալ ուժի կիրառումից և փորձում են հակահեղափոխական տեխնոլոգիաներ կիրառել: «Այսինքն՝ ոստիկանությունը հասկանալով, որ բիրտ ուժը կարող է ձնագնդի էֆեկտ ունենալ և մարդիկ շատանան, փորձում է ամեն ինչ անել՝ ցույց տալու համար, որ որեւէ ուժ չի կիրառվելու»,-ընդգծել է:
Նա նաև ընդգծեց շարժման նախաձեռնող խմբի անփորձությունը. նախագահի ելույթից հետո, ըստ նրա, նրանք կարող էին հայտարարել, որ փուլային լուրջ հաղթանակ է ձեռք բերվել: «Դա կոչվում է փուլային հաղթանակ, փոքր հաղթանակների մարտավարություն: Փոքր հաղթանակների արձանագրումը հույսեր է ներշնչում, և այդ հաղթանակներն արձանագրելով՝ կարողանում ես պահել ժողովրդին քո կողքին: Այս անգամ այդպես չեղավ»,-ասել է նա:
Հունիսի կեսին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում ընդունեց 16 տոկոսով բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը, ընդ որում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր հայտում մտադիր էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։ Այս ամենը հանգեցրեց բողոքի ակցիայի, որը սկսվեց Երևանում հունիսի 19–ին և հունիսի 22–ին վերածվեց քայլերթի դեպի նախագահի նստավայր` Մարշալ Բաղրամյան պողոտա։
Հունիսի 23–ի գիշերը ոստիկանները հատուկ տեխնիկայի կիրառմամբ ցրեցին ցուցարարներին։ Ոստիկանական բաժանմունքներ տեղափոխվեց գրեթե 240 մարդ, այդ թվում` լրագրողներ։ 25 մարդ դիմեց բուժօգնության։
Օրերս հայկական իշխանություններն առաջարկեցին իրականացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աուդիտ, իսկ այդ ժամանակահատվածում իշխանությունները կսուբսիդավորեն բարձրացված սակագները։ Դրանից հետո ցուցարարների շարքերը պառակտվեցին, նրանց մի մասը հայտարարեց, որ պատրաստ է դադարեցնել ակցիաները։ Իսկ ցուցարարների մյուս մասը մնաց Բաղրամյան պողոտայում` մեղադրելով առաջին խմբին դավաճանության մեջ։
Ժամեր առաջ ոստիկանները բացեցին Բաղրամյան պողոտայի երթևեկությունը` առանց ուժ կիրառելու։ —0--
Վիգեն Հակոբյան. Երևանի ցույցերի բնույթը թեև սոցիալական էր, սակայն էությունը քաղաքական էր
15:37 06.07.2015 (Թարմացված է: 16:06 06.07.2015)
© Sputnik / Владимир Федоренко
/ Բաժանորդագրվել
Վիգեն Հակոբյանը գտնում է, որ Հայաստանում քաղաքական դաշտն այնքան վարկաբեկված և հեղինակազրկված է, որ մարդիկ այսօր որևէ քաղաքական ուժի ետևից չեն գնա։