ԵՐԵՎԱՆ, 2 հուլիս– Sputnik. «Իսլամական պետություն» խմբավորումը սպառնում է Հայաստանին հենց այնքան, որքան մնացած աշխարհին, «Sputnik-Արմենիա» ռադիոյին տված հարցազրույցում ասել է Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։
Փորձագետի խոսքով` նույն Ադրբեջանը Հայաստանի շահերին և անվտանգությանը ներկայացնում է ավելի մեծ սպառնալիք, քան ԻՊ–ն։
Այնուամենայնիվ, նրա խոսքով, որոշակի վտանգ կարող է սպառնալ Հյուսիսային Կովկասին։ «Հյուսիսային Կովկասի, ինչպես նաև Վրաստանի Պանկիսի կիրճի որոշ բնակիչներ պատերազմում են խմբավորման շարքերում», – ասել է Ոսկանյանը։
Փորձագետը նաև կարծում է, որ Ռուսաստանը որոշակի հաջողությունների է հասել Հյուսիսային Կովկասի վերահսկման գործում, և այնտեղ արմատական խմբավորումների ակտիվությունը չի կարող նույնքան ուժեղ լինել, որքան Սիրիայում և Իրաքում։
ԻՊ–ն այսօր համաշխարհային անվտանգության գլխավոր սպառնալիքներից է։ Երեք տարվա ընթացքում ահաբեկիչներին հաջողվել է զավթել Իրաքի և Սիրիայի զգալի տարածքները։ Բացի այդ, նրանք փորձում են իրենց ազդեցությունը տարածել Հյուսիսային Աֆրիկայի երկրներում, մասնավորապես` Լիբիայում։
Տարբեր գնահատականներով` ԻՊ–ի վերահսկողության տակ գտնվում է մոտ 90 հազար քառակուսի կիլոմետր տարածք, ահաբեկիչները հայտարարել են, այսպես կոչված, «Խալիֆայության» ստեղծման մասին` սեփական օրենքներով և իշխանության մարմիններով։ Ծայրահեղական կազմակերպության թվաքականի մասին տվյալները տատանվում են 50–200 հազար գրոհայինի միջև։
ԻՊ–ի դեմ պայքարի միասնական ճակատ չկա։ Խմբավորման դեմ պայքարում են Սիրիայի և Իրաքի կառավարական զորքերը, միջազգային կոալիցիան` ԱՄՆ–ի գլխավորությամբ (որը դեռևս սահմանափակվում է օդից իրականացվող հարվածներով), ինչպես նաև քրդերը, Լիբանանի և Իրաքի շիիթ աշխարհազորայինները։ Ռազմական գործողությունների հետևանքով հարյուր հազարավոր խաղաղ բնակիչներ են զոհվել և մի քանի միլիոն մարդիկ դարձել են փախստականներ։
Փորձագետ. ԻՊ–ն սպառնում է Հայաստանին ոչ պակաս, քան մնացած աշխարհին
Բաժանորդագրվել
Արևելագետ Վարդան Ոսկանյանի խոսքով` նույն Ադրբեջանը Հայաստանի շահերին և անվտանգությանն ավելի մեծ սպառնալիք է, քան ԻՊ–ն։ Նրա խոսքով` որոշակի վտանգ կարող է սպառնալ Հյուսիսային Կովկասին։