ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի-Sputnik. Հայաստանի իրավապահ մարմինները հույս ունեն, որ պատգամավորները կմիջամտեն Բաղրամյան պողոտայի արգելափակումը վերացնելու համար, որը զբաղեցրել են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցուցարարները, ասաց Երևանի ոստիկանապետ, գեներալ–մայոր Աշոտ Կարապետյանը։
«Հույս ունենք, որ պատգամավորները կհամոզեն ցուցարարներին բացել պողոտայի երթևեկելի հատվածը։ Մենք բանակցություններ ենք վարում և հույս ունենք, որ կհասնենք հաջողության», – ասաց նա։
Նա նաև նշեց, որ հիմա ոստիկանությունը հանդուրժողականություն է դրսևորում, սակայն եթե Բաղրամյան պողոտան չապաարգելափակվի, իրավախախտները կենթարկվեն պատասխանատվության։
«Ոստիկանությունը կգործի օրենքի շրջանակում», – ասաց նա։
ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն իր հերթին հայտարարեց, որ նրանք չեն միջամտի ցուցարարների գործողություններին, քանի դեռ ցույցը խաղաղ բնույթ է կրում։
Երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը Երևանում հանդարտ էր, ցույցը ցրելու փորձ չի գրանցվել։ Ցուցարարների հետ ողջ գիշեր փողոցում են մնացել պատգամավորներն ու շոու–բիզնեսի աստղերը։ Նրանք ինքնատիպ կենդանի պատ են ստեղծել ցուցարարների և ոստիկանության շարասյան միջև։
«Ո՛չ թալանին» քաղաքացիական շարժման ներկայացուցիչները հունիսի 19-ից Ազատության հրապարակում եռօրյա նստացույց էին անցկացնում։ Երկուշաբթի երեկոյան նրանք շարժվել էին դեպի ՀՀ նախագահի նստավայր, սակայն ոստիկանները կանգնեցրել էին նրանց Մարշալ Բաղրամյանի պողոտայի սկզբում` չթողնելով առաջ շարժվել։
Երեքշաբթի վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենաների միջոցով ցրել են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող և Մարշալ Բաղրամյան պողոտան փակած ցուցարարներին։ Շուրջ 240 մարդ բերման է ենթարկվել ոստիկանական բաժիններ։ Երեքշաբթի երեկոյան բողոքի ակցիաները շարունակվեցին, Բաղրամյան պողտան կրկին արգելափակված է։
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին չեղյալ հայտարարել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` հունիսի 17–ին ընդունած որոշումը, որը վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը։ Ըստ որոշման` օգոստոսի 1–ից սակագինը 1 կՎտ/ժ–ի դիմաց կբարձրանա 6,93 դրամով (մոտ 16,7 տոկոսով)։ Ընդ որում` ՀԷՑ–ն իր հայտում առաջարկում էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով։
Ոստիկանությունը հույս ունի, որ պատգամավորները կմիջամտեն Բաղրամյան պողոտայի արգելափակումը վերացնելու համար
© Ruptly
Բաժանորդագրվել
Հայաստանի իրավապահ մարմինները հույս ունեն, որ պատգամավորները կմիջամտեն Բաղրամյան պողոտայի արգելափակումը վերացնելու համար, որը զբաղեցրել են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցուցարարները, ասաց Երևանի ոստիկանապետ, գեներալ–մայոր Աշոտ Կարապետյանը։