ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. Sputnik. «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի հարցազրույցը, որը նա տվել է մի շարք հայկական ԶԼՄ–ների և որտեղ նշել է էլեկտրաէներգիայի սպասվող թանկացման իր պատճառները, առաջացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Ռոբերտ Նազարյանի վրդովմունքը։
«Այդ հարցազրույցը, մեղմ ասած, ինձ հանել է հունից։ Ինչո՞ւ Բիբինը չի եկել այս լսումներին, ինչո՞ւ է խոսում միայն ԶԼՄ–ների միջոցով»,– հայտարարեց Նազարյանն ուրբաթ էլեկտրաէներգիայի սակագների սպասվող թանկացման հարցի վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում։
Հայկական ԶԼՄ–ներին տված հարցազրույցում Բիբինը հայտարարել է, որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը պայմանավորող առանցքային պատճառներից մեկն ընդհանուր առմամբ էներգահամակարգում համակարգային կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտությունն է, սակայն կառավարությանը և ՀԾԿՀ–ին բազմիցս դիմելն անպատասխան է մնացել։
ՀԾԿՀ ղեկավարի խոսքով` Բիբինը ոչ մի կերպ չի ցանկանում տեսնել ընկերության ղեկավարության սխալները։ «Բիբինը հայտարարել է հարցազրույցում, որ բազմիցս դիմել է ՀԾԿՀ և կառավարություն ու հաղորդել խնդիրների մասին, սակայն կառավարությունը ոչինչ չի ձեռնարկել։ Իսկ Դուք` որպես գլխավոր տնօրեն, ինչո՞ւ չեք խոսում այն մասին, թե ինչպիսի խնդիրներ և անճշտություններ կան ձեզ մոտ, ի՞նչ եք պատրաստվում ձեռնարկել այդ իրավիճակն ուղղելու համար»,– հայտարարեց Նազարյանը։
Նա նշեց, որ ՀՀԿ խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ Բիբինը ողջ մեղքը բարդել է արտադրող կայանների վրա` ոչ մի խոսք չասելով իր ղեկավարած ընկերության վատ մենեջմենթի մասին։ Միաժամանակ ՀԾԿՀ ղեկավարը հավաստիացրեց, որ ՀԷՑ ծախսերը շքեղ իրերի համար` թանկարժեք ավտոմեքենաներ, բնակարաններ գնելը և վարձակալելը, հաշվի չեն առնվել էլեկտրաէներգիայի նոր սակագինը հաշվելիս։
Հայաստանի ՀԾԿՀ–ն հունիսի 17–ին կդիտարկի «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի կողմից սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի նոր սակագների սահմանման հարցը։ Նախագծի համաձայն, մասնավորապես, էլեկտրաէներգիայի նոր սակագինը կբարձրանա 6.93 դրամով` ցերեկային սակագինը կկազմի 48.78 դրամ մեկ կՎտ ժամի դիմաց, գիշերայինը` 38.78 դրամ յուրաքանչյուր կՎտ ժամի դիմաց (ներառյալ ԱԱՀ)։ Հաստատման դեպքում որոշումն ուժի մեջ կմտնի օգոստոսի 1–ին։
«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ն մայիսի 8–ին ՀԾԿՀ ներկայացրեց սպառողների համար 17,08 դրամով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտ, ըստ որի` առաջարկվում է ցերեկային սակագինը (7:00-23:00) ներկա 41,85 դրամի փոխարեն դարձնել 58,93 դրամ, իսկ գիշերային սակագինը (23:00–7:00)` 31,85 դրամից դարձնել 48,93 դրամ։
Հայաստանի սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու ՀԷՑ մտադրությունը բողոքի ալիք է առաջացրել երկրում, այդ թվում` ԶԼՄ–ներում և ընդդիմադիր պատգամավորների շարքում։ ՀԷՑ մենեջմենթի հասցեին հնչել են մեղադրանքներ միջոցների անարդյունավետ օգտագործման, կոռուպցիայի մեջ։
«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերը ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունն է, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն զբաղվում է Հայաստանի տարածքում էլեկտրաէներգիայի տեղաբաշխման, մատակարարման և վաճառքի հարցերով։–0--
Հայկական մի շարք ԶԼՄ–ներին տված ՀԷՑ ղեկավար Բիբինի հարցազրույցը զայրացրել է ՀԾԿՀ ղեկավարին
© Sputnik / Валерий Шустов
/ Բաժանորդագրվել
«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի հարցազրույցը, որը նա տվել է մի շարք հայկական ԶԼՄ–ների և որտեղ նշել է էլեկտրաէներգիայի սպասվող թանկացման իր պատճառները, առաջացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Ռոբերտ Նազարյանի վրդովմունքը։