ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը գրեթե միաժամանակ խոսել են սահմանազատման մասին։
ՔՊ-ի վարչապետի թեկնածու Փաշինյանը այսօր Ջերմուկում բնակիչների հետ նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարել է այս գործընթացն արագացնելու անհրաժեշտության մասին, իսկ Ադրբեջանի ԱԳ նախարարը Բաքվում լրագրողներին ասել է, որ սահմանազատման և սահմանագծման աշխատանքները շարունակվում են:
«Մենք համոզված ենք, որ սահմանազատման գործընթացը կակտիվացնենք և սահմանազատման գործընթացում ճշգրիտ սահմանները կարձանագրվեն` Ալմա Աթայի հռչակագրի համաձայն։ Սա երկկողմանի գործընթաց է, և խաղաղության ինստիտուցիոնալացման հաջորդ հանգրվանը դա է»,– նշել է Փաշինյանը։
Բայրամովն իր հերթին հիշեցրել է, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն այցելել է Հայաստան, ստորագրվել է երեք փաստաթուղթ, որոնք սահմանում են հետագա աշխատանքների կանոնակարգը:
«Մինչ այդ Ադրբեջանում հանդիպում էր տեղի ունեցել հայկական կողմի մասնակցությամբ։ Գործընթացը շարունակվում է։ Սահմանազատումն ու սահմանագծումը շատ մասշտաբային գործընթաց են»,– նշել է ԱԳ նախարարը։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները 2022 թ. սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ սկսեցին հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց։ Ավելի ուշ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտնեց, որ Ջերմուկի ուղղությամբ թշնամին ՀՀ ինքնիշխան տարածք է ներխուժել 60-ից ավել քառակուսի կիլոմետր մակերեսով. ներխուժումը ճակատով կազմում է մոտ 11 կիլոմետր, խորությամբ՝ ավելի քան 7 կիլոմետր։
Հավելենք, որ ապրիլի 29-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ժամանել էր Երևան։ Մուստաֆաևը նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի նախագահն է։
Նույն օրը Աղվերանում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման պետական հանձնաժողովների 13-րդ նիստը, որի ընթացքում ուղեցույցների նախագծերի տեքստեր են համաձայնեցվել