ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik․ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մտադիր է պատասխանատվության կանչել Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին։ Նա այդ մասին հայտարարեց «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստի ժամանակ` հավելելով, որ խորհրդարանում իր հասցեին տարբեր անհիմն մեղադրանքներ են հնչում։
«Խորհրդարանի փոխխոսնակ կոչված անձը հայտարարել է, թե ես տեռորիստական ակտ եմ կազմակերպել։ Ուղղակի հայտարարություն, որի համար ինքը պետք է պատասխան տա։ Դատարանում հնչեցնում եմ, որ այս մարդիկ սանձերը թողել են, նրանք խախտում են անմեղության կանխավարկածը։ Սա անարգանք է ոչ միայն մեր, այլև դատարանի նկատմամբ։ Գործ պետք է հարուցենք այս անձի նկատմամբ, ու այս անգամ ինքն իր վախկոտ ընկերների պես չի գալու դատարան ու ասի, թե քաղաքական հայտարարություն է արել»,– ասաց նա։
Բագրատ սրբազանը անդրադարձավ նաև գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հայտարարություններին։
«Գլխավոր դատախազը մեղադրանքներ է ներկայացրել, որոնք հնչել են խորհրդարանում, թե պաշտպաններն անիմաստ միջնորդություններով ձգձգում են դատական պրոցեսը։ Հիմա հարց ունեմ ձեզ (դիմում է նիստը նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանին. խմբ.)՝ մե՞նք ենք դատական պրոցեսը ձգձգում։ Սա նաև վիրավորանք է դատարանի հասցեին, թե իբր դուք անիմաստ միջնորդությունների տեղ եք տալիս»,– ընդգծեց սրբազանը։
Հիշեցնենք` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվեց 2025 թ. հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Օգոստոսի 21-ին դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ նրա կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով, նոյեմբերի 13–ին` ևս երեք ամսով, ապրիլի 23-ին` 2 ամսով։