ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը լրագրողներին առաջարկում է միասին գնալ Տաշիր՝ տեսնելու, թե ինքն ինչ ծավալի ներդրումներ է արել այնտեղ։ Այսօր իր տանը կայացած ասուլիսի ժամանակ Կարապետյանն արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
Այսօր` կառավարության նիստից հետո Փաշինյանը հայտարարեց, որ Սամվել Կարապետյանն իր հայրենի Տաշիր քաղաքում կառավարության կողմից կատարված ներդրումների նույնիսկ 10%-ը չի կատարել:
«Մենք կարող ենք կազմակերպել ու բոլորով գնալ Տաշիր, դուք (լրագրողներին նկատի ունի խմբ.) ինքներդ կտեսնեք, թե ինչ է արվել: Չեմ ուզում անդրադառնալ նրան, չգիտեմ էլ իրենք ինչ են արել Տաշիրում, երևի մի հատ ասֆալտ են փռել: Երևի էլի սունկ է կերել»,- ասաց Կարապետյանը։
Հավելեց՝ չկա աշխարհում մի հայ, որն ավելի շատ բան է արել Հայաստանի բանակի համար, քան ինքը։
«Չկա մի հայ, որն ավելի շատ է նպաստել, որ Ղարաբաղում պատերազմը կանգնի։ Դա ամենածանր հարցն է, ես չեմ կարող փակագծեր բացել, այդ հարցն ուղղեք թե՛ Փաշինյանին, թե՛ վերջին տարիների պաշտպանության նախարարներին, թե՛ վերադարձից հետո Արցախի իշխանություններին, քանի որ ես չեմ կարող բացված պատասխան տալ։ Դրա պատասխանը տվել է Փաշինյանի շեֆը, երբ իմ նկատմամբ հայտարարել է միջազգային հետախուզում»,- հայտարարեց Կարապետյանը։
Հիշեցնենք` 2025–ի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։