ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. Ապրիլի 23–ին Երևանի Մյասնիկյան փողոցում տեղի ունեցած վթարի դեպքով 19-ամյա Վ.Մ.-ի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել 2 հոդվածով Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ավելի վաղ սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որտեղ 19–ամյա երիտասարդը Մյասնիկյան պողոտայում անկանոն վարում է իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, վազանց է կատարում չթույլատրված հատվածներում ու արդյունքում բախվում է ավտոբուսին։ Ամբողջ ընթացքը, այդ թվում` բուն ավտովթարի պահը, նկարում է նրա կողքին նստած ընկերը։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի փաստով առաջին քրեական վարույթը հարուցվել է ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելու հոդվածով։
Քննության ընթացքում պարզվել է, որ ՃՏՊ-ի ժամանակ 19-ամյա Վ.Մ.-ի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված է եղել։
«Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով և միացվել նախաձեռնված քրեական վարույթին»,– նշված է կոմիտեի հաղորդագրությունում։
Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:
Քրեական վարույթի շրջանակում միջոցներ են ձեռնարկվում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ի դեպ, այս հրապարակմանը կից տեղադրված տեսանյութը նույնպես, որտեղ 19–ամյա Վ.Մ.–ն չիպսը ձեռքին հեռուստատեսությամբ նայում է դեպքի կադրերն ու ծաղրում մեկնաբանությունը, համացանցում հրապարակել է հենց ինքը։