Իսպանիայի վարչապետի ինքնաթիռը Երևանի ճանապարհին արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում

Սանչեսը գիշերն անցկացրել է Անկարայում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի ինքնաթիռը, որն ուղևորվում էր Երևան, արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում։ Այս մասին հայտնել է թուրքական NTV հեռուստաալիքը:
«Ինքնաթիռը տեխնիկական պատճառներով արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում»,- հաղորդել է հեռուստաալիքը:
Իսպանիայի վարչապետը Մադրիդից մեկնում էր Երևան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի նիստին:
Նշվում է, որ անսարքությունը լուրջ չէ, իսկ վայրէջքի մասին որոշումը կայացվել է անվտանգության կանոնների համաձայն:
Հաղորդվում է, որ Սանչեսը գիշերն անցկացրել է Անկարայում:
Հիշեցնենք` Երևանում մայիսի 4-ին կայանալու է Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովը։ Դրան կհաջորդի Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 5–ին։ Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություն, այդ թվում` Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Երևանում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Առաջին անգամ Հայաստան է այցելել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։