Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանեց Հայաստան։
Էմանուել Մակրոնին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
Նշենք, որ Ֆրանսիայի նախագահը Հայաստանում կլինի մայիսի 3-ից 5–ը։ Նա կմասնակցի Եվրոպական երկրների ղեկավարների գագաթնաժողովին, ինչից հետո կմեկնարկի նրա պետական այցը Հայաստանի Հանրապետություն:
Ըստ արարողակարգի` Մակրոնը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ու Մատենադարան: Այնուհետ ՀՀ վարչապետի ուղեկցությամբ կայցելի Գյումրի, որտեղ հարգանքի տուրք կմատուցի 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին ու կմասնակցի «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգին։
Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովը Երւևանում կայանալու է մայիսի 4-ին։ Դրան կհաջորդի Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 5–ին։ Հավելենք, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանելու մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություն, այդ թվում` Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: