ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. ՀՀ-ում մայիսը կլինի ոչ սառը, իսկ տեղումների քանակը՝ նորմայից ավելին։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Մայիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է կլիմայական նորմայի սահմաններում։ Տեղումների քանակը լինելու է նորմայից ավելին։ Այսինքն` մայիսը կլինի ոչ սառը, բայց տեղումնառատ»,- ասաց Սուրենյանը։
Նա հիշեցրեց, որ մայիսը հանրապետությունում ամենախոնավ ամիսն է ու տեղումները հիմնականում երեկոյան ժամերին և գիշերն են դիտվում։ Ի տարբերություն ապրիլի, ցուրտ օդային հոսանքների ներթափանցման դեպքերը զգալիորեն կնվազեն։ Օդի ջերմաստիճանը և՛ ցերեկային, և՛ գիշերային ժամերին կլինի մոտ 5-6 աստիճանով ավելի բարձր, քան ապրիլին։
Արարատյան դաշտում և Երևանում առավելագույն ջերմաստիճանը կանխատեսվում է +30 աստիճան, ինչը կդիտվի մայիսի երրորդ տասնօրյակում։