Մենք ավելի շատ ենք․ Կարապետյանը՝ իր թիմակիցներին կալանավորելու և ընտրության գնալու մասին

Սամվել Կարապետյանը լուրջ չի համարում իր՝ Ռուսաստանում և Ֆրանսիայում խնդիրներ ունենալու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, առաջիկա խորհրդարանական ընտրություններին վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը պատասխանել է հարցին՝ ո՞ւմ հետ է գնալու ընտրության, եթե իր բոլոր թիմակիցներին կալանավորեն։
Նշենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի գրասենյակի 3 անդամ այժմ կալանավորված է, Արտաշատի գրասենյակի 5 անդամ էլ տնային կալանքի տակ է։ Ըստ իրավապահ համակարգի, այս անձինք փորձել են քողարկված ընտրակաշառք բաժանել՝ ընտրություններին իրենց օգտին քվեարկելու համար։
«Վերջը կգնան (ՀՀ իշխանություններին նկատի ունի – խմբ․) իրենց թիմակիցներին էլ կկալանավորեն։ Իրենք ավելի քիչ են, քան մենք։ Հետևաբար մենք ամեն դեպքում կհաղթենք»,- ասաց Կարապետյանը, որը ոստիկանության ուղեկցությամբ եկել էր դատարան։
Հարցին, արդյոք Ռուսաստանում և Ֆրանսիայում ինքը խնդիրներ ունի, գուցե նաև սննկացման գնա, Կարապետյանն ուղղակի ծիծաղեց։ Նա միայն հավելեց, որ այդ ամենը Փաշինյանի երևակայությունն ու երազներն են, պետք չէ լուրջ ընդունել այդ հայտարարությունները։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանի տանը 2025 թվականի հունիսի 17-ին խուզարկություն էր իրականացվել այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։
Կարապետյանը մեղադրվում է հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, փողերի լվացման և իշխանությունը զավթելուն ուղղված հոդվածներով։ Դեկտեմբերի 30-ից Կարապետյանը տնային կալանք է կրում, վճարվել է նաև գրավ։ 2026 թվականի ապրիլի 17-ին գործարարի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով, բայց միաժամանակ դատարանը նրան թույլ տվեց հարցազրույցներ տալ։