ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Ռուսաստանից Հայաստան ժամանած 2 քաղաքացու մոտ «Զվարթնոց» օդանավակայանում 72 մլն–ից ավելի ռուսական ռուբլի է հայտնաբերվել։ Նրանց նկատմամբ հարուցվել են քրեական վարույթներ, կիրառվել խափանման միջոցներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
«ՀՀ ժամանելուց հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է Ռ․ Թ․-ն, ում մոտ առկա է եղել կանխիկ 65 մլն ռուսական ռուբլի, որը շուրջ 321 մլն ՀՀ դրամին համարժեք գումար է։ Հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով՝ ՌԴ քաղաքացուն օդանավակայանից ձերբակալել և տեղափոխել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն»,- ասվում է հաղորդագրությունում։
Առերևույթ հանցագործության հատկանիշներով հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, ձերբակալված անձը նույնպես ներկայացվել է ՔԿ, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ, Ռ․Թ-ի նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։
ՊԵԿ-ից հայտնում են, որ 1 օր անց ՀՀ ժամանած Ռ․Թ-ի ազգականի՝ ՌԴ քաղաքացի Հ․Թ․-ի մոտ ևս հայտնաբերվել է խոշոր չափի կանխիկ գումար՝ 7,6 մլն ռուբլի, որը շուրջ 37 մլն ՀՀ դրամին համարժեք գումար է։ Հ․Թ․-ն նույնպես ձերբակալվել է և տեղափոխվել է ՊԵԿ, ապա ՔԿ։
Այս դեպքով նույնպես նախաձեռնվել է քրեական վարույթ և Հ․Թ․-ի նկատմամբ ևս որպես խափանման միջոց ընտրվել է տնային կալանքը։