ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Իրանը երկարատև հարվածներով կպատասխանի ԱՄՆ-ի հարձակմանը, նույնիսկ եթե այն սահմանափակ բնույթ կրի։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի հրամանատար Մաջիդ Մուսավին։
«Axios»–ը, հղում անելով իրազեկ աղբյուրներին, ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) մշակել է իրանական օբյեկտների, այդ թվում՝ ենթակառուցվածքների ուղղությամբ կարճատև ու հզոր հարվածների շարք անցկացնելու պլան:
«Նույնիսկ եթե այդ գործողությունները կարճաժամկետ լինեն, մենք հակառակորդին կպատասխանենք երկարատև հարվածներով», - Մուսավիի խոսքը մեջբերում է իրանական SNN հեռուստաալիքը:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 22-ին հայտարարեց, որ Պակիստանի խնդրանքով որոշել է երկարաձգել հրադադարը, բայց Իրանի ծովային շրջափակումը կշարունակվի։