Ապահովել ԼՂ ժողովրդի իրավունքների իրացումը. Հայ դատը ողջունել է Եվրախորհրդարանի բանաձևը

Գասպարյանի խոսքով` հրամայական է, որ Եվրոպական հանձնաժողովը գործի ըստ այն մանդատի, որով Ադրբեջանը պատասխանատվության կենթարկվի իր հանցագործությունների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը ողջունել է Եվրոպական խորհրդարանի ընդունված բանաձևը, որն անդրադառնում է նաև արցախահայության իրավունքներին։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը։
Եվրախորհրդարանը կոչ է անում ապահովել նրանց անվտանգ, անխոչընդոտ և արժանապատիվ վերադարձի իրավունքը՝ միջազգային երաշխիքների ներքո։ Պահանջում է պատասխանատվություն հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման համար և կոչ է անում իրականացնել միջազգային գնահատման առաքելություն։
«Ստեփանակերտում Ադրբեջանի կողմից վերջերս երկու հայկական եկեղեցիների ոչնչացման ողբերգական լուրերի լույսի ներքո հրամայական է, որ Եվրոպական հանձնաժողովը գործի ըստ այն մանդատի, որը Եվրոպական խորհրդարանը հետևողականորեն տրամադրում է՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու իր հանցագործությունների համար՝ հիմնվելով արդարության և ժողովրդավարական արժեքների վրա, որոնց վրա հիմնված է այս բանաձևը»,– նշել է Գասպարյանը։
Բանաձևում անդրադարձ կա նաև ԱԺ առաջիկա ընտրություններին։ Եվրախորհրդարանը հստակ ազդակ է փոխանցում, որ այդ ընտրությունները պետք է լինեն ազատ, արդար և մրցակցային։ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը հատկապես ընդգծում է խորհրդարանի դիրքորոշումը «ընդդիմության իրավունքների լիարժեք հարգման» և բոլոր քաղաքական դերակատարների համար հավասար պայմանների անհրաժեշտության վերաբերյալ։
Եվրոպական խորհրդարանը դատապարտում է նաև Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդների անօրինական կալանավորումը՝ պահանջելով նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։