«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող անձինք ընտրակաշառք են տվել․ Հակակոռուպցիոն կոմիտե

Դեպքի առնչությամբ խուզարկություններ են կատարվել, 5 անձ ձերբակալվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող մի խումբ անձինք մի քանի քաղաքում, այդ թվում` քողարկված եղանակով, տվել են ընտրակաշառք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Նշվում է, որ նման տվյալներ են ստացվել օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում։
«Ընտրակաշառքը բաժանվել է հունիսի 7-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում իրենց օգտին քվեարկելու պայմանով։ Բացի այդ, պարզվել է, որ կուսակցության անունից հանդես եկող անձը խախտել է ընտրության ժամանակ բարեգործության արգելքը։ Տեղեկություններ են ստացվել հանրահավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին նյութապես շահագրգռելու վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են մի շարք խուզարկություններ, ձերբակալվել է 5 անձ։
Հակակոռուպցիոն կոմիտեն նաև ձայնագրություններ է հրապարակել, որտեղ բոլոր խոսակցությունները խիստ ժարգոնային են։ Դրանցից մեկում ոմն Ս․Խ․ ասում է․ ««Դանիել Վարուժան» մանկապարտեզը ախպորդ վրեն ա, էլի։ Դու կարաս ընդե 4-րդ շենքը ասես գոնե ախպորդ համար գան բան անեն», իսկ ոմն Ս․ էլ նշում է, որ ոչ միայն 4-րդ, այլև 5-րդ, 6-րդ, 9-րդ, 8-րդ և 10-րդ շենքեր կգնա ու Սամվել անունն է հնչեցնում։
Այնուհետև Ս․-ն հետաքրքրվում է, թե ինչպես են այդ իրավիճակից դուրս գալու, եթե 20 000 դրամ նույնիսկ չունեն իրենց գրպանում։ Ս․Խ․-ն էլ ի պատասխան հայտնում է, թե պետք է «քերեն» որպես աշխատավարձ, ու ինքն էլ Սուրեն անունն է հնչեցնում։
Կոմիտեի ներկայացրած մեկ այլ ձայնագրությունում Ս․Խ․-ն զրուցում է Ս․Մ-ի հետ ու ընդգծում, թե ինքը Մասիվում է աշխատանքներ իրականացնելու։ Ս․Մ․-ն խոսակցության ընթացքում ասում է, թե միայն երիտասարդները 100 հոգի են, իսկ իրենց ընտանիքներն էլ միասին մոտ 500 հոգի կլինեն։
Ս․Խ․-ն Ս․-ին ոմն Հակոբի մասին է հարցնում ու փորձում հասկանալ, արդյոք այդ անձի մոտ գումար կա, թե ոչ, ի պատասխան Ս․-ն ասում է, որ նրա մոտ գումար չկա, չնայած ասել է, թե ինչ-որ մեկի գազի գումարը կվճարի։
Հիշեցնենք` ապրիլի 14-ին ձերբակալվել էին «Ուժեղ Հայաստան» կուսակցության 2 անդամներ` Գոհար Ղումաշյանը և Վերժինե Ստեփանյանը։ Հաջորդ օրը հակակոռուպցիոն դատարանը նրանց նկատմամբ կիրառեց վարչական հսկողություն։
Ապրիլի 16-ին Հակակոռուպցիոն կոմիտեից Sputnik Արմենիային հայտնել էին, որ ձերբակալվել է 14 անձ՝ ընտրակաշառք բաժանելու և ստանալու մեղադրանքներով։ Նրանցից 12-ի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը։
Ապրիլի 27–ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն բերման է ենթարկել նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հետախույզ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին: Նա մեղադրվում է ԱԺ ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով կաշառք խոստանալու մեջ։ Ապրիլի 28–ին Արթուր Ավանեսյանը կալանավորվեց 2 ամսով։
Ապրիլի 29–ին էլ իրավապահները մտել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ավանի գրասենյակ, այստեղ ևս կան ձերբակալվածներ։