ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը այսօր Բիշքեկում բանակցություններ է վարել Իրանի պաշտպանության նախարարի ռազմավարական ծրագրման հարցերով տեղակալ, բրիգադի գեներալ Թալաի-Նիք Ռեզայի հետ։
«Մենք կողմ ենք հակամարտության կարգավորմանը բացառապես դիվանագիտական ճանապարհով։ Աջակցում ենք Իրանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Եղբայրական իրանցի ժողովրդին, նրա զինված ուժերին մաղթում եմ տոկունություն և արիություն երկրի առջև ծառացած բոլոր սպառնալիքները հաղթահարելու գործում։ Պատրաստ ենք հնարավոր ամեն ինչ անել այս իրավիճակի հանգուցալուծման համար»,-հայտարարել է Բելոուսովը։
Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ Մոսկվան ու Թեհրանը, ինչպես և նախկինում, կաջակցեն միմյանց իրավիճակի ցանկացած զարգացման դեպքում։
Իրանցի զորահրամանատարն իր հերթին շնորհակալություն է հայտնել Անդրեյ Բելոուսովին հանդիպման և երկկողմ փոխգործակցության արդիական հարցերը քննարկելու հնարավորության համար։
Նշենք, որ ապրիլի 27-ին Սանկտ Պետերբուրգում կայացել են Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Արաղչին շնորհակալություն է հայտնել Պուտինին Իրանին ցուցաբերած աջակցության համար՝ նշելով, որ Թեհրանը մտադիր է ամրապնդել համագործակցությունը Մոսկվայի հետ։