ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Չորս տարի առաջ ապրիլի 26–ին ՀՀ վարչապետի ավտոշարասյունը Պարոնյան փողոցում մահացու վրաերթի ենթարկեց հղի երիտասարդ կնոջը՝ Սոնա Մնացականյանին, սակայն մինչև օրս դեռ որևէ մեկը չի ենթարկվել քրեական պատասխանատվության։ Այս մասին հայտնել է տուժողի պաշտպան Րաֆֆի Ասլանյանը։
«Շարասյան արագության համար պատասխանատու ղեկավար կազմի վերաբերյալ վարույթը դիտավորյալ կերպով «սառեցվել» է նախաքննության փուլում, թեև դատարանները երկու անգամ այդ վարույթով արձանագրել են տուժող կողմի իրավունքների խախտում, փաստացի պարտադրել են փորձաքննություն նշանակել ավտոմեքենաներում գործած ռադիոկապի ձայնագրության սարքով, պատշաճ միջոցներ ձեռնարկել ձայնագրությունը հայտնաբերելու ուղղությամբ, սակայն ոչինչ չի արվել։ Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում, այս գործը Նիկոլ Փաշինյանի վարքագիծը՝ նրա խոսքի և գործողությունների իսկությունը գնահատելու լավագույն ցուցիչն է»,–գրել է Ասլանյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի գործով դատարանը մեղադրյալ Արամ Նավասարդյանի վերաբերյալ մեղադրական վերդիկտ կայացրեց 2025 թվականի հուլիսի 30–ին` դատապարտելով մեկուկես տարվա ազատազրկման։
Այդպես դատարանը լուծեց միայն մեղավորության հարցը, սակայն պատժի հարցը մնաց օդում կախված։ Դատարանը հայտնել էր, որ դրան կանդրադառնա դատալսումների փուլում։ Պատասխանող կողմը դիմել է Վերաքննիչ դատարան, պատժի կրումը հետաձգվել է։
Հավելենք, որ 2022 թ. ապրիլի 26-ին` ժամը 18:05-ի սահմաններում, ՀՀ վարչապետին ուղեկցող մեքենան Երևանում վրաերթի էր ենթարկել հղի Սոնա Մնացականյանին։ Նա տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ մահացել էր։
Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած մեքենայի վարորդը վրաերթից հետո հեռացել էր, սակայն 2 ժամ անց վերադարձել էր դեպքի վայր ու մասնակցել քննչական գործողություններին։ Տղամարդը ձերբակալվել էր, սակայն նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությամբ չբացակայելը։