ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է ռուս–ուկրաինական բանակցություններ անցկացնել Ադրբեջանում։ Նա այդ մասին հայտարարել է Գաբալայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ հայտարարության ժամանակ։ Այս մասին հայտնում է APA գործակալությունը։
«Անշուշտ, մենք բարձր ենք գնահատում մեր գործընկերների դերը այս գործընթացի միջնորդության հարցում ։ Ես Ադրբեջանի նախագահին ասացի, որ մենք պատրաստ ենք եռակողմ բանակցությունների։ Մենք նման բանակցություններ ենք ունեցել Թուրքիայում, Շվեյցարիայում ամերիկացի գործընկերների հետ։ Պատրաստ ենք նման բանակցություններ անցկացնել Ադրբեջանում»,– ասել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Զելենսկին աշխատանքային այցով մեկնել է Ադրբեջան և հանդիպել նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Առանձնազրույցից հետո կողմերը քննարկումներ են անցկացրել ընդլայնված կազմով։ Մտքեր են փոխանակել մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման վերաբերյալ։
APA-ի տեղեկություններով` Զելենսկին բարձր է գնահատել Ադրբեջանի կողմից Ուկրաինային ցուցաբերվող մարդասիրական օգնությունը, ինչպես նաև ուկրաինացի երեխաների նկատմամբ ադրբեջանական պետության ուշադրությունն ու հոգատարությունը։