ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Վրաստանի Բաթում քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում հայ ծանրամարտիկ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
«Կանանց 86 կգ քաշային կարգի պոկում վարժությունում Էմմա Պողոսյանը երեք հաջող մոտեցում ունեցավ` բարձրացնելով 102 կգ, 105 կգ, 107 կգ: Այս վարժությունում նա 3-րդն էր: Հրումում նա բարձրացրեց 132 կգ, 134 կգ, 141 կգ: Այս ձևում նա առաջինն էր: Երկամարտի 248 կգ արդյունքով Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հայաստանը ներկայացնող Լիանա Գյուրջյանն էլ պոկում վարժությունում բարձրացրել է միայն 101 կգ: Հրում վարժությունում հայ մարզիկը բարձրացրել է 130 կգ և 135 կգ:
Այս վարժությունում Լիանա Գյուրջյանը արծաթե մեդալ է նվաճել: Երկամարտի 236 կգ արդյունքով նա Եվրոպայի առաջնության 5-րդ հորիզոնականում է։
Հիշեցնենք` ապրիլի 19-26-ը Վրաստանի Բաթում քաղաքում անցկացվում է ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 16 ծանրորդով՝ 8 տղամարդ, 8 կին: