ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Հայաստանի իշխանություններն ակտիվորեն աջակցում են Թուրքիայի եւ Ադրբեջանի շարունակական ցեղասպան քաղաքականությանը։ Այս մասին «Alpha News» հարթակում կազմակերպված տեսակոնֆերանսի ժամանակ ասել է Վուսթերի պետական համալսարանի պրոռեկտոր, Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախկին նախագահ Հենրի Տերիոն:
«Շատ ավելի հեշտ է ասել, որ հարյուրամյա վաղեմության իրադարձություններն ուղղակի անցյալում են, և դրանք միայն դառը հիշողություններ են։ Բայց պետք է հասկանալ, որ այսօր ևս դրանք ավելի քան արդիական են։ Եվ չընդունելով այդ ծրագրերի հետևողական լինելը, ինչպես հիմա փորձում են անել Հայաստանի ներկայիս իշխանությունները և նրանց կողմնակիցները, երկիրը բախվելու է մեծ վտանգի և մարտահրավերների», - նշել է Տերիոն։
Փորձագետի խոսքով՝ պետք է հաշվի առնել ոչ միայն 1915-1923 թվականների, այլև 1894-1896, ինչպես նաև1909թ. և դրանցից առաջ ու հետո իրականացված ջարդերը: Որպես ցեղասպան գործողություններ դիտարկվում է ոչ միայն մարդկանց անմիջական սպանությունը, այլև ինքնասպանության հասցնելու միջոցով ոչնչացումը, կենսական պայմաններից զրկելը: Այս ամենը, ըստ հետազոտողի, վերաբերում է և՛ Հայաստանի Առաջին Հանրապետության անկմանը, և՛ զգալի թվով հայերի ուծացմանը, և՛ հայերի ունեցվածքի յուրացմանը, և պետք է դիտարկվի, որպես մի ամբողջություն:
Նրա խոսքով՝ նմանատիպ գործողություններ իրականացվել են նաև հույների, ասորիների և այլ քրիստոնյա համայնքների դեմ, ինչը նշանակում է, որ այդ ցեղասպան քաղաքականությունն իրագործվել է այն ժամանակվա Թուրքիայի բնակչության 25 տոկոսի նկատմամբ։
Տերիոյի խոսքով, ցեղասպանության պատճառով ամբողջ աշխարհով մեկ սփռված ապրում է մոտ 8 մլն հայ, որոնցից շատերը չգիտեն իրենց ինքնությունը, իրենց մեկուսացված են զգում, այնինչ կարող էր լինել 25 մլն բնակչություն, որը կապրեր նույն տարածքում: Փոխարենը Թուրքիան հարստացել և ուժեղացել է հայերի ունեցվածքի թալանի հաշվին։
Պատմաբանը նկատում է, որ քանի որ թուրք հասարակությունը անգամ նվազագույն չափով չի ընդունել Ցեղասպանության փաստը, ապա 1915 թվականի ցեղասպան հակահայկականությունը ոչ միայն չի անհետացել, այլև ուժգնացել է և դարձել Թուրքիայի Հանրապետության ժամանակակից մշակութային ու հասարակական ինստիտուտների մի մասը:
Այժմ Անկարան շարունակում է Հայաստանի միջազգային կարգավիճակը և նրա նշանակությունը տարածաշրջանում նվազեցնելու փորձերը։ Վերջին տասնամյակներում Թուրքիային միացել է Ադրբեջանը։
«Թուրքիայի՝ իր հակահայկական գործողությունները չճանաչելը, չընդունելը ցույց է տալիս, որ նա շարունակելու է հետևողականորեն թուլացնել հայ ժողովրդին՝ վերջնական ոչնչացման նպատակով... Արցախի՝ որպես պետության վերացումը Թուրքիայի և Ադրբեջանի ծրագրերի մի մասն է», - նշում է Տերիոն:
Նա կարծում է, որ Թուրքիայի ցուցադրական «խաղաղասիրական» քայլերը չեն չեղարկում Անկարայի և Բաքվի իրական մտադրությունները։ Սակայն Հայաստանի կառավարությունը, պատմաբանի խոսքով, իրական իրավիճակի մասով մոլորության մեջ է գցում ժողովրդին։
«Այդ քաղաքականությունը ոչ միայն խքչընդոտ է հայ ժողովրդի գոյության համար, այլև ակտիվ աջակցություն է ցեղասպանական գործողություններին, որոնք իրականացվում են հայերի նկատմամբ», - նշել է Տերիոն:
Նա հիշեցրել է, որ 1915-ին ցեղասպանության ենթարկված հայերի մեջ կային նաև դավաճաններ ու թշնամու գործակիցներ, որոնք անձնական շահի համար զոհաբերում էին մի ողջ ժողովրդի բարեկեցությունը:
ՀՀ բնակչության մի մասի աջակցությունն իշխանությունների քաղաքականությանը ցույց է տալիս, որ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից տարածվող թեզերը ոչ միայն մտել են Հայաստանի և հայ հասարակության ներքին կյանք, այլև շատ հայեր սկսել են առաջնորդվել ինքնաոչնչացման այս տրամաբանությամբ: Հայաստանը, ըստ փորձագետի, պետք է դիմագրավի ճնշումներին, ինչպես նաև փոխհատուցում պահանջի 19-րդ դարի 90-ականների, 1915-23 թվակաների և 2020-ականներին Արցախում տեղի ունեցածի համար:
«Դա անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը որպես պետություն կենսունակ մնա», - նշել է Տերիոն:
Ավելի վաղ նույն քննարկման ժամանակ Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հայտարարել էր, որ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը պետք է բարձրացվի մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում: