ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարությունը հավանություն տվեց մաքսային կարգավորման ոլորտում ԵԱՏՄ իրավունքի պահանջները չպահպանելու համար պատասխանատվության ընդհանուր սկզբունքներ և մոտեցումներ սահմանելու մասին առաջարկությանը։ Համապատասխան որոշումն ընդունվեց գործադիր մարմնի այսօրվա նիստի ժամանակ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի` 2026թ․ հունվարի 30-ի կարգադրությամբ հավանություն է տրվել «Մաքսային միության և Մաքսային միության անդամ պետությունների մաքսային օրենսդրության խախտումների համար քրեական և վարչական պատասխանատվության առանձնահատկությունների մասին 2010 թվականի հուլիսի 5-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագիծը։
Նախագիծն այնուհետև ներկայացվել է ԵԱՏՄ անդամ պետություններին՝ ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգեր անցկացնելու նպատակով։
Նշվում է, որ հանցագործությունների և վարչական իրավախախտումների համար պատասխանատվություն սահմանելիս կողմերը հիմնվում են օրինականության, արդարության, մարդասիրության, օրենքի առջև հավասարության, մեղքի, անմեղության կանխավարկածի, պատասխանատվության անխուսափելիության, պատժի համաչափության սկզբունքների վրա։