Ռուսական և հայկական կողմերի միջև ակնհայտ թյուրըմբռնում կա։
Հայկական կողմը որևէ բացասական բան չի տեսնում այն բանում, որ Հայաստանը բազմավեկտոր արտաքին քաղաքականություն է վարում, այնինչ Ռուսաստանի համար դա մարտահրավեր է։ Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն հարթակում այս մասին ասաց ռուսաստանցի քաղաքագետ Արթուր Աթաևը։
«Իսկ Ռուսաստանի համար սա մարտահրավեր է, քանի որ անկախ պետությունների ղեկավարների, արտգործնախարարների հարաբերություններից և այլն, իներցիայով, թե ավանդույթի համաձայն` Հայաստանը ներկայացվում է որպես Հարավային Կովկասում Ռուսաստանի հիմնական ռազմավարական գործընկեր», – ասաց փորձագետը։
Նա կարծում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլի համար հասկանալի չէ:
«Նրա հռետորաբանությունը, դեմքի արտահայտությունը, փաստարկները չեն ընկալվում ռուսական կողմի կողմից: Նույնիսկ եթե արտաքնապես նայեք, թե ինչպես էին բանակցային գործընթացի վերջին փուլի ժամանակ նրան լսում Լավրովը, Օվերչուկը, Ուշակովը, և ինչպես է հետագայում այդ ամենը մեկնաբանում Պեսկովը, կարելի է հասկանալ, որ ՀՀ ղեկավարությունը որոշակի լեզու ունի, որն անհասկանալի է, և այլ լեզու ունի Ռուսաստանը»,– նշում է փորձագետը:
Աթաևի խոսքով` ՀՀ ղեկավարը կարծում է, որ տնտեսությունն առանձին է, քաղաքականությունը` առանձին։ Իրարից անջատ են նաև սոցիալական ոլորտն ու մշակույթը:
Մինչդեռ Ռուսաստանում բոլորովին այլ ըմբռնում ունեն: Ռուսաստանում տնտեսությունը շատ մոտ է քաղաքականությանը, քաղաքականությունը՝ մշակույթին, և այդ ամենը կապվում է կրոնով։
«Կարծում եմ` հենց սա էր փորձում իր զրուցակցին հասկացնել ՌԴ նախագահ Պուտինը կարճ, 15 րոպեանոց զրույցի ընթացքում», – ասում է քաղաքագետը:
Հիշեցնենք` ապրիլի 1-ին Մոսկվայում կայացել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Ինչպես ավելի ուշ նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, բանակցությունները տևել են մի քանի ժամ և անկեղծ են եղել: