ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում աղիքային վարակիչ հիվանդության ախտանշաններով 11 մարդ է հոսպիտալացվել։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Վարդումյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ համայնքում արտակարգ իրավիճակ է ստեղծվել․ նույնատիպ գանգատներով 8 քաղաքացի է տեղափոխվել Աբովյանի բժշկական կենտրոն։ Կանչերի կտրուկ աճից հետո (շուրջ 30 կանչ են ստացել) իրավիճակի մասին ահազանգել են Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման ազգային կենտրոն, որի մասնագետներն այսօր առավոտյան արդեն եղել են համայնքում։
«Այս պահին հոսպիտալացվել է 11 քաղաքացի, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Կան նաև տնային պայմաններում բուժում ստացող անձինք»,– ասված է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հաղորդագրությունում:
Նշվում է, որ արձանագրված կլինիկական ախտանշաններն են սրտխառնոցը, փորլուծությունը, փսխումը և մարմնի ջերմաստիճանի բարձրացումը, որոնք բնորոշ են աղիքային վարակներին։
Կենտրոնի մասնագետները շարունակում են համաճարակաբանական համալիր հետազոտությունները՝ վարակի հնարավոր աղբյուրների և տարածման ուղիների բացահայտման նպատակով։ Այդ շրջանակում նաև խմելու ջրի նմուշառում է իրականացվել լաբորատոր փորձաքննության ենթարկելու համար։