ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Հայաստանը պատրաստ է ընդլայնել Իսրայելի հետ կապերը և նոր հնարավորություններ փնտրել համագործակցության համար։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարարությունը։
«Իսրայելի կառավարությանը և ժողովրդին շնորհավորում ենք Անկախության օրվա կապակցությամբ։ Հայաստանը պատրաստ է ընդլայնել կապերը և ուսումնասիրել համագործակցության նոր հնարավորություններ», - ասվում է X սոցցանցում հրապարակված գրառման մեջ։
Հիշեցնենք` Հայաստանն ու Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին 1992 թվականի ապրիլին։
2017 թվականին երկրների միջև երկխոսությունն ակտիվացավ, և այդ ժամանակ Երևան–Թել Ավիվ ուղիղ չվերթեր գործարկվեցին։ Սակայն 2020 թվականին 44-օրյա պատերազմի և այդ հարցում Իսրայելի դիրքորոշման ֆոնին հարաբերությունները սառեցին։
2021 թվականի դեկտեմբերին Արման Հակոբյանը նշանակվեց Իսրայելում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Թել Ավիվ)։ 2022 թ. հունիսին ՀՀ–ում Իսրայելի դեսպան Յոել Լիոնը (նստավայրը՝ Երուսաղեմ) իր հավատարմագրերը հանձնեց ՀՀ նախագահին: