ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Ծանրորդ Գոռ Սահակյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
71 կգ քաշային ծանրորդների պայքարում Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյանը պոկում վարժությունում բարձրացրեց 146 կգ ու 150 կգ: Այս վարժությունում Սահակյանն առաջինն էր: Հրում վարժությունում Գոռ Սահակյանը բարձրացրեց 180 կգ: Այս վարժությունում նա երրորդն էր:
Երկամարտի 330 կգ արդյունքով` Գոռ Սահակյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:
Հիշեցնենք` առաջնությունն ընթանում է Բաթում քաղաքում։ Երեկ Եվրոպայի փոխխեմպիոններ դարձան Ալեքսանդրա Գրիգորյանը և Գառնիկ Չոլաքյանը։