Ռոմանոս Պետրոսյանը հրաժարական չի տա. նա խոսեց նաև ՀԷՑ–ի մասով դատարանի որոշման մասին

Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ ՀԷՑ–ի նոր լիցենզիայի տրամադրում տեղի կունենա միայն այն պահին, երբ այն վերջնական պետականացվի, և ընկերության 100 տոկոս բաժնետոմսերն անցնեն պետության սեփականությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է լուրերը, թե ինքը պատրաստվում է հրաժարական տալ։ Այդ մասին նա լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրիում։
«Չկա նման բան, որ ես հրաժարական տամ իմ պաշտոնից։ Ես օրենքի ուժով եմ նշանակված և միայն վարչական ակտով է հնարավոր իմ լիազորությունները կասեցնել, իսկ նման վարչական ակտ սպասվում է նոր լիցենզիայի տրամադրման պահին»,– ընդգծեց նա։
Ըստ Պետրոսյանի` ՀԷՑ–ի նոր լիցենզիայի տրամադրում տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ այն վերջնական պետականացվի, և ընկերության 100 տոկոս բաժնետոմսերն անցնեն պետության սեփականությանը։
Նա անդրադարձավ նաև այն հարցին, որ ՀԷՑ–ի լիցենզիայի դադարեցման դեմ «Տաշիր կապիտալի» հայցի քննությանը դատարանը մի շարք կետերով հերքել է ՀՀ իշխանությունների որոշ մեղադրանքները` ուղղված «Տաշիր կապիտալ» ընկերությանը և արձանագրել, որ ՀԷՑ–ի կողմից որոշ խախտումներ չեն եղել։
«Նման բան չկա, պարզապես խախտումների վերաբերյալ 6 հիմնավոր պատճառներից մի մասը վիճարկվել է, մի մասը մնացել է ուժի մեջ։ Հիմա ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր կողմից է ՀՀ վերաքննիչ դատարան դիմելու, սեփականության ներկայացուցիչներն` իրենց կողմից, սակայն հիմնավոր պատճառների մի զգալի մասը, որ ուղիղ ազդեցություն ունեն լիցենզիայի զրկման հետ, բնականաբար, ուժի մեջ են, ու դատարանն ինքը ևս ճանաչել է` դրանք անփոփոխ թողնելով»,– հայտարարեց ՀԷՑ ժամանակավոր պաշտոնակատարը։
Ընկերության նոր ներդրողի մասին հարցի վերաբերյալ Պետրոսյանն ասաց, որ դա իր լիազորություններից դուրս է։
«Նման դիսկուրս չկա. դա կառավարություն–սեփականատերեր տիրույթում է, ես այդ մասում լիազորված չեմ»,– վստահեցրեց նա։
Պետրոսյանն անդրադարձավ նաև ՀԷՑ–ի աշխատակիցների աշխատավարձերի հարցին` նշելով, որ դրանք չեն բարձրացնում խնայողությունների հաշվին։
«Մեր` միջին աշխատավարձից ցածր աշխատավարձ ունեցող մի քանի հազար աշխատակիցների սոցիալական վիճակը գործատուի կողմից փոքր–ինչ բարելավելու համար փորձում ենք սոցիալական ծրագրերի ու պարգևավճարների միջոցով մոտարկել միջին աշխատավարձին` մինչև սեփականության ձևի փոփոխությունը կլինի, և պետականացումից հետո կկարողանանք դրույքաչափերի վերանայում անել»,– հայտարարեց նա։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը 2025 թվականի հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։
Ավելի վաղ՝ հունիսի 18–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար, ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարեց` հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Փաշինյանը նաև սպառնաց ազատել ՀԷՑ-ի՝ պետության հետ չհամագործակցող աշխատակիցներին։ Հունիսի 24-ին նա հայտարարեց, որ ՀԷՑ–ի պետականացման պլանը պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ՀԾԿՀ–ն պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ազատված Ռոմանոս Պետրոսյանին նշանակել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև կառավարության ներկայացրած հաղորդման հիմքով վարույթ է հարուցել ՀԷՑ–ի նկատմամբ։
Նշենք, որ Սամվել Կարապետյանը ընկերությունը ձեռք է բերել 2016 թվականին նախկին կառավարության խնդրանքով և միլիոնավոր դոլարներ է ներդրել արդիականացման համար։