ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Բաբաջանյանի փողոց-Աշտարակ խճուղու՝ «Հյուսիս-Հարավ» մայրուղու անավարտ հատվածի (270մ) շինարարական աշխատանքները կմեկնարկեն առաջիկա մեկուկես ամսվա ընթացքում։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Այս պահին ավարտվում է վերանախագծման աշխատանքների հիմնական մեծ փաթեթը, որից հետո կիրականացվեն որոշակի դետալացված աշխատանքներ»,- նշեց քաղաքապետը։
ՏԿԵՆ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանն էլ հարցը ներկայացնելիս ասաց, որ «Հյուսիս-Հարավ» մայրուղու այդ հատվածի աշխատանքներն անավարտ են մնացել, քանի որ ճանապարհի ազդեցության գոտում գույքի նկատմամաբ սեփականության օտարման վերաբերյալ առաջացել էին դատական վեճեր։ Ըստ դատարանի որոշման ՏԿԵՆ–ը իրավունք չուներ որևէ գործողություն կատարել տվյալ գույքի նկատմամբ։
«ՏԿԵՆ միջնորդության հիման վրա` արգելանքը վերացվել է։ Հիմա անհրաժեշտություն կա նախագծանախահաշվարկային փաստաթղթերի վերանայում, փորձաքննություն, քանի որ առկա նախագծերն ու նախագծային լուծումները կազմվել ու հաստատվել են դեռևս 2015–2016 թ–ին»,– ասաց նա։
Նախագծով առաջարկվում է այս խնդիրները լուծելու համար սահմանել գնման գործընթացների կազմակերպման առաջնահերթություններ։
Նշենք, որ դատական գործընթացը տևել է 7 տարի։ Ըստ Ավինյանի` այդ հատվածում մեծ խնդիրներ են եղել կապված խցանումների և ընդհանուր անհարմարությունների հետ։
Վարչապետի հարցին, թե որքան կտևի շինարարությունը, Ավինյանը դժվարացավ պատասխանել։
Կառավարությունը ընդունեց օրենքի նախագիծը։