ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի - Sputnik. Այսօր Դիլիջանում տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմի նահատակների հուշահամալիրի բարեկարգման հիշատակի ակցիա:
Այն կազմակերպվել էր խորհրդային ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ՝ Ռուսական տան և Հայաստանի ռուսաստանյան հայրենակիցների համակարգող խորհրդի ներկայացուցիչների կողմից։ Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներ, կամավորներ:
«Հուշահամալիրն իրենից ներկայացնում է ռազմի դաշտից վիրավոր ընկերոջը դուրս բերող խորհրդային զինվորի քանդակ և հուշատախտակներ, որոնց վրա հավերժացված են Հայրենական մեծ պատերազմի ճակատներում զոհված ավելի քան 400 դիլիջանցի-կարմիրբանակայինների անունները։ Հուշահամալիրում է գտնվում նաև Դիլիջանի կայազորային հոսպիտալում վերքերից մահացած 22 խորհրդային զինվորների եղբայրական գերեզմանը», - ասված է հաղորդագրության մեջ։
Ակցիան ավարտվել է հերոսների շիրիմներին ծաղիկների խոնարհմամբ: