ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Հայաստանից Ադրբեջան 960 դոլարի ապրանքի ներմուծման մասին ադրբեջանական մամուլում բարձրացված աղմուկի նպատակն է ցույց տալ հաստատվող հարաբերությունների միակողմանի բնույթն ու դրանում Ադրբեջանի գերակայությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։
«Այս միտումը մենք տեսնում ենք Ալիևի բոլոր հայտարարություններում։ Եվ այս հրապարակմամբ նրանք նորից դա են վերահաստատում, որ Հայաստանը Ադրբեջանից արդեն ներկրել է շուրջ 6 միլիոն դոլարի ապրանք, իսկ իրենք` 1000 դոլարից էլ պակաս։ Սրանով նրանք նաև վերահաստատում են, որ բոլոր լծակները իրենց ձեռքում են, որ իրենք դեռ չեն բացել սահմանները և հավանաբար չեն էլ բացելու։ Այսպիսով կարող ենք ենթադրել, որ դրանով վերահաստատվում է Հայաստանի շրջափակումը»,– նկատում է քաղաքագետը։
Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով իրենց երկրի ՊԵԿ–ին, առավոտյան հայտնեցին, որ մարտին ՀՀ–ից 960 դոլարի ապրանք է ներմուծվել Ադրբեջան։ ՀՀ ՊԵԿ–ը, արձագանքելով ադրբեջանական կողմին, հայտնեց, որ Հայաստանից Ադրբեջան արտահանման որևէ դեպք ՀՀ մաքսային մարմնի կողմից չի արձանագրվել։ Ավելի ուշ Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն հայտնեց, որ մատակարարումն իրականացվել է ՀՀ-ի տարածքով` տարանցիկ եղանակով։ Ապրանքն էլ Նիդեռլանդներից գնված հոլանդական վարդեր են։ Ընդ որում` ադրբեջանական լրատվամիջոցներն անթաքույց ջանասիրությամբ շեշտում էին, որ, եթե ՀՀ–ից ընդամենը 960 դոլարի ապրանք է ներկվել իրենց երկիր, ապա Ադրբեջանից Հայաստան արտահանումը միայն 2026թ–ի մարտին կազմել է 1.5 միլիոն դոլար, իսկ անցած տարվանից սկսած`5.8 միլիոն։
Հրանտ Միքայելյանը չի բացառում, որ ՀՀ մաքսային մարմնի կողմից արտահանումը չի արձանագրվել, քանի որ այն արտահանվել է երրորդ երկրի` Վրաստանի միջոցով և գրանցվել է այդ երկրի հետ արտաքին շրջանառության հաշվարկում։
Իսկ այն փաստը, որ Ադրբեջան ներկրված ապրանքը հայկական արտադրության չէ, Միքայելյանի կարծիքով վերահաստատում է այն, որ Ադրբեջանը պատրաստ չէ իր շուկայում հայկական ապրանք տեսնել, Հայաստանի տարածքն էլ դիտարկում է բացառապես իբրև տարանցման ճանապարհ։
«Չնայած, որ Հայաստանում իշխանության ներկայացուցիչները ասում են, որ Ադրբեջանը կարող է գնել հայկական ապրանքներ և իսկապես կարող է տնտեսական տրամաբանությունից ելնելով, բայց քանի որ դա չի թույլ տրվում, կարող ենք ենթադրել, որ դա ուղղակի ցուցիչ է Ադրբեջանի ցանկության բացակայության»,– նկատում է քաղաքագետը։
Միքայելյանը չի բացառում, որ առաջիկայում ադրբեջանական բեռների` ՀՀ–ով տարանցման օրինակներ էլի են լինելու։ Բայց քանի դեռ հայ–ադրբեջանական սահմանը բաց և ապառազմականացված չէ, քանի դեռ բեռները երկու երկրների միջև փոխադրվում են Վրաստանի տարածքով, այդ փոխադրումները չեն կարող դիտվել որպես առևտրային հարաբերությունների վերականգնում, հատկապես, որ դրանք իրականացվում են ոչ թե գործարար պայմանավորվածություններով, այլ Ալիևի միանձնյա որոշմամբ։
«Տնտեսական հարաբերությունների այս չափը և այս որակը, որ Ադրբեջանը ցույց է տալիս, ուղղակի ծիծաղելի է։ Եթե առաջ ՀՀ–ից ներկրումը 0 էր, իսկ հիմա ասում են, որ 1000 դոլար է, իրականում այս 1000 դոլարը նույնիսկ ավելի վատ է, քան 0-ն»,– նշում է նա։
Իսկ թե ինչու է Ադրբեջանը ազդարարում այս աննշան փաստի մասին, Հրանտ Միքայելյանի համոզմամբ` իրականում այստեղ հեռուն գնացող նպատակ ու հաշվարկ կա։
Ալիևի վարչակազմը փորձում է հատկապես ԱՄՆ–ին համոզել, որ շրջափակում չկա և այդկերպ հասնել 907-րդ բանաձևի չեղարկմանը։
«Դրա համար էլ այդ մեկանգամյա ակցիաներն իրականացնում են, որպեսզի կեղծ տպավորություն ստեղծեն, թե շրջափակումը կա՛մ հանվել է, կա՛մ կարող է հանվել։ Իրականությունն այն է, որ ո՛չ հանվել է, ո՛չ էլ կարող է հանվել, քանի որ Ադրբեջանի իշխանության մտադրությունը, քաղաքականությունը և նպատակները չեն փոխվել»,– ասում է Միքայելյանը։
Հիշեցնենք` 1992 թվականին, հաշվի առնելով Արցախի դեմ հրահրված պատերազմը, հայ համայնքի և լոբբիստների աշխատանքի շնորհիվ «Ազատության աջակցության ակտի» տեքստում ներառվեց «907-րդ բանաձև» հոդվածը, որով արգելվեց ԱՄՆ կառավարությանը որևէ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, քանի դեռ ԱՄՆ նախագահը չի համոզվել և չի զեկուցել Կոնգրեսին, որ պաշտոնական Բաքուն գործուն քայլեր է ձեռնարկում Հայաստանի ապաշրջափակման և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ ուժ չկիրառելու ուղղությամբ։