Բեյրութ-Դամասկոս ավտոճանապարհին մեքենայի վրա իսրայելական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով կա զոհ

Հաղորդվում է Լիբանանի հարավում իսրայելական ավիացիայի և ԱԹՍ-ների զանգվածային հարվածների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի - Sputnik. Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու սարքը Բեյրութ-Դամասկոս մայրուղու Դախր էլ Բայդար հատվածում հարձակվել է մեքենայի վրա, զոհվել է մեկ մարդ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Լիբանանի շտապօգնության ծառայության աղբյուրը:
Լիբանանի ազգային NNA գործակալությունը այսօր հաղորդել է երկրի հարավում իսրայելական ավիացիայի և ԱԹՍ-ների զանգվածային հարվածների մասին: Գործակալության տվյալներով՝ Նաբաթիա քաղաքը ենթարկվել է իսրայելական օդուժի ինտենսիվ ռմբակոծության։ Անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով կան զոհեր Կասիմիա բնակավայրում և վիրավորներ Բուստան Ալ-Վաստա շրջանում:
Նախօրեին «Հզբոլլահի» ղեկավարությունը հայտարարել է հրադադարի ռեժիմին համաձայնություն տալու մասին՝ պայմանով, որ այն իսրայելական կողմից ամբողջությամբ պահպանվի: Ավելի ուշ Ynet պորտալը, վկայակոչելով իսրայելցի պաշտոնյային, հայտնել է, որ Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը չորսժամյա նիստի ընթացքում Լիբանանում հրադադարի մասին որոշում չի կայացրել:
Իսրայելի և Լիբանանի միջև հակամարտության սրումը սկսվել է մարտի 2-ին՝ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանին հասցված հարվածների ֆոնին: Այն ժամանակ լիբանանյան «Հզբոլլահ» շարժումը հայտնեց Թեհրանին իր աջակցության մասին։ Մարտի 16-ից Իսրայելը ցամաքային գործողություն է իրականացնում Լիբանանի հարավում՝ հարվածներ հասցնելով լիբանանյան քաղաքներին, այդ թվում ՝ Բեյրութին: Իրանի և ԱՄՆ-ի միջև երկշաբաթյա հրադադարի հասնելու մասին հաղորդագրություններից հետո «Հզբոլլահը» դադարեցրել էր Իսրայելի դեմ գործողությունները, սակայն Լիբանանի վրա իսրայելական զանգվածային հարվածներից հետո վերսկսել է դրանք: