Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Անօդաչուի հարձակում Տուապսեում. երկու երեխա է զոհվել, ևս երկու մեծահասակ տուժել է

Քաղաքում բեկորների ընկնելու հետևանքով վնասվել է 5 մասնավոր տուն և 1 բազմաբնակարանային շենք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Տուապսեում բնակելի շենքերի վրա անօդաչուների հարձակման հետևանքով երկու երեխա է զոհվել, հայտնել է Կրասնոդարի երկրամասի ղեկավար Վենիամին Կոնդրատևը։
«Տուապսեում բնակելի շենքերի վրա անօդաչուներով ահաբեկչությունը երկու անչափահասի կյանք է խլել՝ 5 և 14 տարեկան... Այս գիշեր տարածաշրջանը կրկին ենթարկվել է թշնամու ԱԹՍ–ների զանգվածային հարձակման»,- Telegram-ում գրել է Կոնդրատևը։
Նախնական տեղեկություններով՝ ևս երկու մեծահասակ է տուժել, նրանց բուժօգնություն է ցուցաբերվում։
Երկրամասի ղեկավարը նաև հայտնել է, որ բեկորների ընկնելու հետևանքով վնասվել է 5 մասնավոր տուն և 1 բազմաբնակարանային շենք։
Քաղաքապետարանը բնակիչների համար ժամանակավոր տեղավորման կետեր է բացում։
Բազմաթիվ բեկորներ են ընկել նաև ծովային նավահանգստի մոտ գտնվող ձեռնարկությունների տարածքում։
Սոչիի Լոո գյուղում անօդաչուների բեկորները ընկել են մի քանի վայրերում։ Մի դեպքում վնասվել է երկհարկանի մասնավոր տան մուտքի ծածկն ու պատուհանները, տուժածներ չեն եղել։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է ի պաշտպանություն նրանց, որոնք Կիևի ռեժիմի կողմից 8 տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության: Դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։